Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի ղեկավարների մասնակցությամբ: Մասնավորապես, քննարկվել է հաջորդ շաբաթ համայնքային ենթակայության մանկապարտեզները վերաբացելու, եւ դրա հետ կապված, որոշակի կանոնների եւ սահմանափակումների հարցը:
Որոշվել է՝ պատշաճ նախապատրաստվելու նպատակով, մանկապարտեզների աշխատանքները վերսկսել մայիսի 20-ից։
Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ պետք է ամեն օր պարտադիր ախտահանել մանկապարտեզների տարածքը՝ ընդհանուր 305 հազար քմ:
Քաղաքապետարանը մանկապարտեզների 4000 աշխատակցի համար ձեռք կբերի 160 000 դիմակ եւ 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ:
Վարչական շրջանների ղեկավարների հարցումների արդյունքում ակնկալվում է մանկապարտեզներում գրանցված երեխաների 30 տոկոսի (շուրջ 11 հազար) հաճախելիություն։
Քաղաքապետը հորդորել է՝ մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն: Քրոնիկ առողջական խնդիրներ ունեցող երեխաների հաճախումը չի խրախուսվում: Այնուհանդերձ, որեւէ հրամայական արգելք հաճախման համար չկա, բացառությամբ ջերմող երեխաների:
Ամեն օր առավոտյան մուտքի մոտ երեխաները կջերմաչափվեն:
Հարցումները ցույց են տվել, որ բարձր ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման:
Քաղաքապետի հանձնարարությամբ, հատուկ նորմեր են ներկայացվում մատակարարներին՝ սննդի ընդումնան պայմանների վերաբերյալ,
Գծանշումներ կարվեն մանկապարտեզների մուտքերի մոտ՝ մուտք գործելիս սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով: