ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Զինծառայողների ապահովագրության հինադրամի» դրոշմանիշային վճարների թեմային անդրադառնալիս շարունակում է հայտարարություններ հնչեցնել հիմնադրամի միջոցներից արված ինչ-որ գաղնի ծախսերի մասին՝ ասելով, թե դրա մասին նշված է ի պատասխան իր գրության՝ ՀՀ Գլխավոր դատախազության տրամադրած պատասխան գրության մեջ:
Հարկ եմ համարում պարզաբանել, որ Տիգրան Ուրիխանյանին ուղարկված Գլխավոր դատախազության գրության մեջ որևէ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա։ Առավելևս, որ գրությունը վերաբերել է ոչ թե ծախսերին, այլ հիմնադրամին կատարված մուտքերին:
«Գաղտնի» եզրույթը պատասխանում օգտագործվել է ոչ թե ծախսերի, այլ որոշակի կատեգորիայի գործատուների աշխատողների վերաբերյալ անհատական և քանակական այն տվյալների կապակցությամբ, որոնք, օրենքի ուժով հրապարակման ենթակա չեն և չեն արտացոլվում հաշվետվություններում:
Ընդ որում, նշված անձնաց վերաբերյալ քանակական տվյալները, որպես կանոն, էական փոփոխությունների չեն ենթարկվում»։