Ուղևորների համար պարտադիր կլինի ոչ միայն դիմակի կրումը․ Պարետի որոշումը՝

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որն ուժի մեջ է մտնում մայիսի 17–ին ժամը 23։59–ից։ Որոշմամբ կանոններ են սահմանվել երթուղային տրանսպորտի և մետրոպոլիտենի վերաբերյալ։

1. Ընդհանուր կանոններ

1) Տրանսպորտային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) նշանակում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), որն ապահովում է՝

  • սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենայի նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,
  • առնվազն ախտահանումների և աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության) վարումը համապատասխան գրանցամատյանում:

2) Կազմակերպությունը հնարավորինս ձեռնպահ է մնում կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,
գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

3) Կազմակերպությունն ապահովում է աշխատողներին անհատական պաշտպանության միջոցներով՝ եռաշերտ դիմակներով ու ձեռնոցներով, միանգամյա օգտագործման անձեռոցիկով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչով:

4) Կազմակերպությունն ապահովում է անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ
աշխատակիցների և ուղևորների պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված տեղեկատվական թերթիկի:

Շահագործվող բոլոր ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցներում ուղևորներին տեսանելի հատվածներում պարտադիր փակցվում են տեղեկատվական թերթիկներ։

2. Տրանսպորտի կազմակերպումը և ախտահանումը

1) Սպասասրահները և բոլոր վագոնները պարտադիր ապահովվում են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:
2) Սպասասրահներում բացառվում են մարդկանց խիտ կուտակումները:
3) Վագոններում ապահովվում է ուղևորների հնարավորինս նոսր նստեցում:
4) Սպասասրահներում նշանակվում են ուղևորների նստեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպում են ուղևորների նստեցումը: Մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղևորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 70-ը:
5) Յուրաքանչյուր երթուղու ավարտին ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է վագոնների օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների (միջքաղաքային ավտոբուսներում նաև ծալովի սեղանիկների, անվտանգության գոտիների ամրակների, անհատական կառավարման վահանակների (լուսավորության, օդափոխության, ուղեկցողին կանչելու և այլն), նստելատեղերի, անհատական
տեսամոնիտորների պլաստմասե/մետաղյա/կաշվե և այլ մասերի, սանհանգույցի կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով) շփման կամ ցողման եղանակով:

6) Օրական առնվազն 3 անգամ իրականացվում է կայարաններում տեղակայված տերմինալների ախտահանում ախտահանիչ միջոցների լուծույթներով:

7) Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է վագոնների, կայարանների և ընդհանուր օգտագործման տարածքների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրային հիմունքներով:
Եզրափակիչ ախտահանման ժամանակ օգտագործվում են՝

  • մեկանգամյա պաշտպանիչ զգեստ,
  • մեկանգամյա ձեռնոց,
  • պաշտպանիչ դիմակ, պաշտպանիչ ակնոց կամ դեմքի վահանակ,
  • փակ կոշիկ կամ բախիլներ՝ ցայտելու բարձր ռիսկի ժամանակ կամկենսաբանական հեղուկներով խիստ աղտոտված մակերեսների ժամանակ,
  • անջրանցիկ պարկեր թափոնների համար:

8) Մաքրման համար չի օգտագործվում սեղմված օդ և/կամ ջուր ճնշման տակ, ինչպես նաև այլ մեթոդներ, որոնք կարող են առաջացնել վարակիչ նյութի ցայտում կամ տարածում աէրոզոլի տեսքով: Փոշեկուլ օգտագործվում է միայն ճիշտ իրականացված ախտահանումից հետո:

9) Մաքրման և ախտահանման ավարտից հետո պաշտպանիչ հագուստը, կոշիկը, անհատական պաշտպանության միջոցները, մաքրման պարագաները հավաքվում են մակնշված բաքերի կամ պարկերի մեջ դրանց ախտահանումն իրականացնելու համար:

3. Աշխատողների համար կանոններ

1) Իրականացվում է աշխատողների ջերմաչափում հեռավար կամ անհատականնօգտագործման ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ աշխատանքի ներկայանալիս: Վարվում է ջերմաչափման գրանցամատյան: Ջերմություն ունենալու դեպքում վարորդներին չի թույլատրվում դուրս գալ երթուղի, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով
8003 համարով:

2) Աշխատողները և վարորդները պարտադիր կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝ եռաշերտ պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ, որոնք փոխվում են 3 ժամը մեկ պարբերականությամբ։

3) Աշխատողների հանգստի և սնվելու համար նախատեսվում են առանձնացված և օդափոխվող տարածքներ: Հանգիստը և սնունդը կազմակերպվում է այնպես, որ բացառվեն կուտակումները և աշխատողների միջև պահպանվի 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։

4. Ուղևորների համար կանոններ
1) Չի թույլատրվում ուղևորների մուտքը երկաթուղային կայարանի կամ մետրոպոլիտենի տարածք՝ առանց անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ և ձեռնոց կրելու:

2) Երկաթուղային տրանսպորտի դեպքում՝ նախքան նստեցումն իրականացվում է ուղևորների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով: Ջերմություն ունենալու դեպքում չի թույլատրվում ուղևորի նստեցումը, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ`զանգահարելով 8003 համարով:

 

Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների: Տրանսպորտային միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը: 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։

Կազմակերպությունն ապահովում է աշխատողներին անհատական պաշտպանության միջոցներով՝ եռաշերտ դիմակներով ու ձեռնոցներով, միանգամյա օգտագործման անձեռոցիկով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչով:

Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ:

Կազմակերպությունն ապահովում է բոլոր տրանսպորտային միջոցներում վճարման համար հատուկ արկղեր կամ այլ հարմարեցված տարաներ՝ կանխիկ փողի հետ շփումը հնարավորինս նվազեցնելու նպատակով։

Կազմակերպությունն ապահովում է անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատակիցների և ուղևորների պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված տեղեկատվական թերթիկի:

Շահագործվող բոլոր ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներում ուղևորներին տեսանելի հատվածներում պարտադիր փակցվում են տեղեկատվական թերթիկներ։

Ավտոկայարանային տարածքների կազմակերպումը
1) Բաց ավտոկայանների կամ տրանսպորտային միջոցների հավաքակայանների տարածքում բացառվում են մարդկանց կուտակումները։ Տարածքներում առկա նստարանները և ընդհանուր օգտագործման գույքը ենթակա են ախտահանման առնվազն օրը 2 անգամ։
2) Սպասասրահները, սանհանգույցները և սննդի կետերը պարտադիր կերպով պարբերաբար ախտահանվում են՝ նվազագույնը օրը 2 անգամ։
3) Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

Տրանսպորտային միջոցների ախտահանումը

1) Տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր նախաուղերթային հատվածում:  Ախտահանման ենթակա են տրանսպորտային միջոցի սրահի բոլոր մակերեսները: Ախտահանումն իրականացվում է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման նպատակով՝ օջախների, հանրային սննդի օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների ուղևորների փոխադրման ավտոտրանսպորտային միջոցների ախտահանման միջոցառումների մեթոդական ուղեցույցը և ալգորիթմները, անհատական պաշտպանության միջոցների ռացիոնալ օգտագործման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 977-Ա հրամանի:

2) Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տարածությունների և երկարատև՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ երթուղիների ժամանակ՝ նաև ընթացքում) ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների (միջքաղաքային ավտոբուսներում նաև ծալովի սեղանիկների, անվտանգության գոտիների ամրակների, անհատական կառավարման վահանակների (լուսավորության, օդափոխության, ուղեկցողին կանչելու և այլն), նստելատեղերի, անհատական տեսամոնիտորների պլաստմասե/մետաղյա/ կաշվե և այլ մասերի, սանհանգույցի առկայության դեպքում՝ նաև դրա կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով) շփման կամ ցողման եղանակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել