ՀՀ 15 քաղաքացիներ մի քանի օր է գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում․ Վրաստանում Հայաստանի դեսպանատուն

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկացնում են, որ ՀՀ 15 քաղաքացիներ մի քանի օր է գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում։

Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։

Դեսպանատան դիվանագետները մայիսի 12-ին եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց տանելով սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Դեսպանությունը մշտապես հեռախոսային կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ, ներկայացրել Վրաստանում արտակարգ ռեժիմով սահմանված արգելքները, հորդորել վերադառնալ Ռուսաստան և սպասել սահմանի բացմանը, սակայն վերջիններս ականջալուր չեն եղել հորդորներին։

Վրացական կողմի՝ տարածքը լքելու բազմաթիվ խնդրանք-հորդորներից հետո ՀՀ քաղաքացիները լքել են այն, քանի որ չեզոք գոտում մարդկանց կուտակումը խաթարում էր անցակետի բնականոն գործունեությունը։

Քաղաքացիներն արդեն գտնվում են Ռուսաստանի տարածքում։

Կրկին խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ, այլ հետևել դեսպանության հայտարարություններին։

Սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել