Կառավարության աջակցության 18-րդ միջոցառումը մեկնարկել է․ ովքե՞ր են միջոցառման շահառուները և որքան աջակցություն կտրամադրվի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (կարգը սահմանված է ՀՀ կառավարության 14.05.2020թ. թիվ 730-Լ որոշմամբ): 18-րդ միջոցառման նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը:

Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն սուբյեկտները, որոնց.

  • 2020 թվականի ապրիլ ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար և մարտ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, և.
  • 2020 թվականի ապրիլ ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար և մարտ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:

Հարկ է նկատի ունենալ, որ 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսների աշխատողների թվաքանակը և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվելու է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով արտացոլված տվյալների հիման վրա: Ընդ որում.

1) 2020 թվականի փետրվար ամսվա հաշվարկ է համարվելու` 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:

2) 2020 թվականի մարտ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:

3) 2020 թվականի ապրիլ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:

Հաշվարկված եկամուտներ են համարվելու վերոնշյալ հաշվարկներով արտացոլված հետևյալ եկամուտների հանրագումարը.

  • Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումները (1.6 սյունակ)
  • Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը (1.7 սյունակ)
  • Այլ հարկման բազան (բացի նպաստներից) (1.8 սյունակ)
  • Հարկման բազայի նվազեցման գումար (1.9 սյունակ)

Աշխատողների թվաքանակը որոշվելու է թվարկված եկամուտները (զրոյից մեծ) ապահոված աշխատողների թվաքանակով: 

Վերը նշված պայմաններին բավարարող և շահառու համարված հարկ վճարողները`  2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին կստանան ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ:

Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող են նույն համակարգի միջոցով մինչև 2020թ. հունիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում (կոդ «cu»)`  միանվագ դրամաշնորհ ստանալու համար (դրամաշնորհի հաշվարկման բանաձևը սահմանված է ՀՀ կառավարության 12.05.2020թ. թիվ 726-Լ որոշմամբ և հաշվարկը կատարվելու է 2020թ. մարտ ամսվա տվյալների հիման վրա):

Գումարները ժամանակին ստանալու նպատակով` Կոմիտեն առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալին.

1) Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:

2) Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:

3) Դիմումներն ուղարկելուց առաջ ևս մեկ անգամ ստուգել բանկային հաշվեհամարի (նիշերի)  ճշտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել