Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը պարզաբանում է տարածել, որում ասվում է․
«Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Իմ և Էջմիածնի քաղաքապետարանի դեմ սկսված էժանագին արշավի շրջանակներում այսօր հրապարկվել է մի տեսանյութ, որն, իբր, վկայում է այն մասին, որ մեր ընտանիքն էլեկտրաէներգիա է գողանում Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքից: Այս մեղադրանքն ու դա «հիմնավորող ապացույցն», իհարկե, ծիծաղելի են, սակայն անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը.
ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժինն անմիջապես արձագանքել է տեսանյութին և այցելել «դեպքի վայր». այնտեղ որևէ լար չի հայտնաբերվել,
Առհասարակ, դժվար է փաստել, որ տեսանյութում մեր տունն է. դրանում միայն երևում են ծառեր, ինչ-որ տանիք, ինչ-որ բարձրահարկ տուն, որը վստահաբար մերը չէ և վերջ: Անգամ եթե ենթադրենք, որ տեսանյութում մեր տունն է, պարզ չէ, թե խնդրահարույց լարն ուր է գնում, ինչ նպատակի է ծառայում և որն է դրա վերջնակետը:
Առավել դժվար է փաստել, որ ցուցադրվող մյուս տարածքը Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի տարածքն է. երևում են միայն ինչ-որ թփեր, և որևէ իդենտիֆիկացնող առարկա բացակայում է,
Սենսացիա առաջացրած լարի մյուս կողմը, ինչպես երևում է տեսանյութում, ընկած է գետնին, մինչդեռ դրանով հոսանք տեղափոխելու դեպքում այն կանցներ օդով,
Այսպիսով, եթե անգամ ենթադրենք, որ իսկապես տեսանյութում երևում է մեր տունը կամ Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը, այն անձը, որն անարգել մուտք էր գործել տարածք, կարող էր այդ լարը բերած լինել իր հետ՝ այս անհեթեթ շոուն կազմակերպելու համար,
Եթե մեր ընտանիքը «լույս գողանար», տրամաբանորեն մենք ընդհանրապես էլեկտրաէներգիայի գումար չէինք վճարի կամ կվճարեինք սիմվոլիկ մի քանի հազար դրամ: Ստորև հրապարակում եմ մի քանի ամսվա մեր կոմունալ վճարումների անդորրագրերը, որոնցից պարզ երևում է, որ տունը տաքացվում է գազով (օրինակ փետրվար ամսին սպառել ենք 73.000 դրամի գազ, մարտին՝ 62.000 դրամի գազ, ապրիլին՝ 25.000 դրամի գազ): Միևնույն ժամանակ, գազով տաքացվող տան համար փոքր չէ նաև էլեկտրաէներգիայի գումարի սպառումը (հունվար ամսին՝ 9000 դրամ, մարտ ամսին՝ 7000դրամ): Պահպանվել են միայն այս անդորրագրերը, սակայն մեր լրատվականները ցանկության դեպքում կարող են դիմել և ստանալ մեկ կամ մի քանի տարվա վճարումների մասին տեղեկատվություն:
Սիրելինե՛րս, կարծում եմ արդեն բոլորի համար ակնհայտ է, թե ինչ անհեթեթ կեղծիք է փորձ արվել ներկայացնել ձեզ: Այս ամենը մեծ արշավի, ստի ու կեղծիքի մի դրսևորում է, որ վերջին շրջանում ուղղորդված պտտվում է իմ անվան ու գործունեության շուրջ: Այն մասին, թե ովքեր են կանգնած այս ամենի հետևում, մանրամասն և հանգամանալից կներկայացնեմ վաղը՝ ուղիղ եթերի ընթացքում: Մեզ վաղը շատ հետաքրքիր ու անկեղծ զրույց է սպասվում, բոլորիդ հորդորում եմ հետևել: Ժամի մասին կհայտարարեմ լրացուցիչ:
Սիրում եմ բոլորիդ, դուք իմ թիկունքն եք, որի ամրությունը զգալը կարևոր է արդյունավետ ու գործընկերային աշխատանքի համար»: