Ովքե՞ր են ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը

Ազգային ժողովում այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների՝ մասնավորապես Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև։

Կադրերը դանդաղեցված և ուշադիր նայելիս երևում է, որ մի հարված հասցնում է պատգամավորներից Արտակ Մանուկյանը։ Հետևից Մարուքյանին է մոտենում նաև Վահե Ղալումյանը և հարվածում։

Իրավաբան․net-ը ներկայացնում է այս 2 պատգամավորների կենսագրությունը։

Վահե Ղալումյան

Ծնվել է 1975թ. հուլիսի 21-ին Իջեւանում:

1994-1996թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1998թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ:

2001-2002թթ. աշխատել է շինարարական կազմակերպության աշխղեկի օգնական: 2002-2003թթ.՝ Իջեւանի ճանշինվարչության գլխավոր տնօրենի օգնական, 2003-2006թթ.՝ Իջեւանի ճանշինվարչության գործադիր տնօրենի տեղակալ, 2006-2015թթ.՝ Իջեւանի ճանշինվարչության գործադիր տնօրենի առաջին տեղակալ: 01.06.2018-14.01.2019թթ. եղել է ՀՀ Տավուշի մարզպետ:

2005թ., 2008թ., 2011թ. եւ 2015թ. ընտրվել է Իջեւանի ավագանու անդամ:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Արտակ Մանուկյան

Ծնվել է 1978թ. փետրվարի 15-ին Երեւանում:

1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ: 2002թ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: 2005թ. ավարտել է Շվեյցարիայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի դիվանագիտական եւ 2007թ.՝ Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցները:

2003, 2005 եւ 2010թթ. հետազոտական աշխատանքներ է իրականացրել Քլիվլենդի ֆեդերալ ռեզերվային բանկում (ԱՄՆ), Պոտսդամի համալսարանում (Գերմանիա) եւ Դելավերի համալսարանում (ԱՄՆ):

1998-2007թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտի հետազոտական խմբերի ղեկավար:

2003-2004թթ.՝ «Երեւանի Գարեջուր» ՓԲԸ ավագ տնտեսագետ, գործադիր տնօրենի խորհրդական, ԱԺ պատգամավորի օգնական: 2006-2007թթ.՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ պլանավորման եւ վերլուծության բաժնի պետ: 2004-2018թթ.՝ ՄԱԿ, ՀԲ, ԱԶԲ, Միջազգային համագործակցության ընկերության (GIZ), «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղերի, «Կոնրադ Ադենաուեր» եւ «Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամների փորձագետ: 2005-2008թթ. եղել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, 2007-2013թթ.՝ ՀՊՏՀ, 2011-2012թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, 2016-2017թթ.՝ Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի դասախոս: 2003-2018թթ.՝ միջազգային մի շարք ծրագրերի փորձագետ, խորհրդատու (Գերմանիա, Վրաստան, Շվեյցարիա)։ 2008-2016թթ.՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի պետական գնումների քաղաքականության փորձագետ: 2014-2015թթ.՝ Քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի հակակոռուպցիոն փորձագետ։ 2015 թվականից Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի փորձագետ է, հրավիրյալ դասախոս: 12.06.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ վարչապետի խորհրդական։

2017թ. մայիսից – 2017թ. նոյեմբեր՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիա հկ նախագահ, Հակակոռուպցիոն դաշինքի անդամ, ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ: 2017թ. «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հկ նախագահն է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Երկու մենագրության եւ ավելի քան 40 գիտական հրապարակումների հեղինակ է։ Շախմատի ազգային վարպետ, ProChessLeague շախմատի աշխարհի թիմային մրցաշարի հաղթող (2018թ.):

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել