ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու եւ ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են պաշտոնատարի անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաեւ՝ կեղծ փաստաթղթեր կազմելու եւ օգտագործելու նոր դեպքեր:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020 թվականի մայիսի 7-ին նշված դեպքերի առթիվ հարուցվել են նոր քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:
Քննչական գործողությունների արդյունքում 2020 թվականի մայիսի 8-ին ՀՀ տարածքում տնտեսական գործունեություն ծավալող ընկերություններից մեկի ղեկավարը ձերբակալվել է՝ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով:
Նույն օրը նախաքննական մարմնի որոշմամբ՝ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար ՀՀ տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող մեկ այլ ընկերության ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն շղթայում ներգրավված բոլոր անձանց պարզելու եւ նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար: