Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։
Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահին Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի, Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ:
Նախագահն ասել է, որ Շուշիի ազատագրումով նոր ոգի ստացավ արցախցիների ձգտումն՝ ապրել ազատ և ինքնիշխան երկրում, որի վկայությունն է Արցախի անկախ Հանրապետությունը:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Բակո Սահակյանի մեծ ներդրումն արցախյան ազատագրական պայքարում, ինչպես նաև Արցախի պետականության կայացման, պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման ու ամրապնդման գործում, նրան մաղթել առողջություն և հաջողություն, իսկ Արցախին՝ խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք: