Մաղթում եմ, որ մեր հերոսական հաղթանակները լինեն անշրջելի, իսկ ձեռքբերումները՝ ամուր ու հարատև․ Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայիսյան եռատոնի՝ Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա առթիվ:

Կասկածից վեր է, որ հայ ժողովուրդը իր վճռորոշ և ուրույն դերակատարությունն ու ներդրումն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի կերտման գործում: Այսօր մենք ոգեկոչում ու մեծարում ենք մեր քաջարի հայրենակիցներին՝ մեզանից շատերի ծնողներին, պապիկներին ու տատիկներին, ովքեր քաջաբար պայքարել են աշխարհամարտի ռազմաճակատներում և թիկունքում, խոնարհվում ենք Հայրենական պատերազմում բոլոր զոհվածների հիշատակի առջև, և, իհարկե, միասնաբար տոնում ենք մեծ հաղթանակի 75-րդ տարեդարձը։

Միաժամանակ, խիստ խորհրդանշական կերպով 1992 թվականին մայիսի 9-ը հայ ժողովրդի համար նշանավորեց ևս մեկ մեծ հաղթանակով, ի դեմս Շուշիի ազատագրմամբ և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորմամբ: Շուշիի ազատագրումը, հիրավի, համահայկական հաղթանակ և վերածնունդ էր, որով ի լուր աշխարհի հայտարարվեց, որ հայ ժողովուրդն անկոտրում ու միասնական է իր գոյամարտում, իր անվտանգության ու խաղաղության համար պայքարում։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Եռատոնի առթիվ և մաղթում եմ, որ մեր հերոսական հաղթանակները լինեն անշրջելի, իսկ ձեռքբերումները՝ ամուր ու հարատև:

Խաղաղ երկինք և բարգավաճում հայկական երկու պետություններին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել