Կոմիտեն քաղաքացիներին հորդորում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուց առաջ հաշվառվել հարկային մարմիններում

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, անօրինական ձեռնարկատիրության դրսևորումները բացառելու նպատակով, ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող ապօրինի ձեռնարկատիրության դեպք։ Ըստ օպերատիվ տվյալների, քաղաքացին առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, օնլայն հարթակում զբաղվում է սննդային հավելումների գովազդով ու վաճառքով:

Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես, ծածկագրված գնորդի միջոցով տարբեր դեպքերով կատարված գնումներով հիմնավորվել է քաղաքացու ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը: Վերջինս իրացրել է հայտնի ապրանքանիշի սննդային հավելում` «ձկան յուղ»: Փաստի առթիվ վարչությունում կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ, կազմված նյութերը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանում՝ օրենքով սահմանված կարգով քաղաքացուն վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ապօրինի առևտրային գործունեությունից, իսկ առցանց հարթակի միջոցով ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում պարտադիր ստանալ պետական գրանցում և հաշվառվել հարկային մարմնում՝ խուսափելու համար հետագա վարչական կամ քրեական պատասխանատվությունից: Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ համացանցի միջոցով ՀՀ ռեզիդենտների կողմից կատարվող առևտրային գործարքների օրինականության մշտադիտարկում և վերահսկողություն է իրականացվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել