2020 թվականի ապրիլի 22-ի պարետի N 51 որոշմամբ սահմանվել էին կոնկրետ ուղղություններ, որոնց դեպքում հնարավոր էր դիտարկել սահմանափակումներից բացառություն անելու հարցը՝ հիմք ընդունելով տնտեսվարողների կողմից ներկայացված դիմում-հայտերը՝ համավարակի պայմաններում գործունեության կազմակերպման հստակ նկարագրությամբ և անվտանգության կանոնների պահպանման կոնկրետ հանձնառություններով:
Այս մասին տեղեկացնում են հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
Այդ առնչությամբ պարետատունը մի քանի հարյուր դիմում-հայտ է ստացել տնտեսվարող սուբյեկտներից:
Դրանց մի մասին արձագանք է տրվել, մի մասը չի բխել վերը նշված որոշմամբ սահմանված ուղղությունների տրամաբանությունից, մյուս մասը գտնվում էր ուսումնասիրման փուլում:
Պարետի 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման համաձայն՝ տնտեսական գործունեության մի շարք տեսակների նկատմամբ, այդ թվում՝ նրանց, որոնց համար սահմանված էր դիմում-հայտի պահանջ, սահմանափակումները հանվել են: Հետևապես, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ այդ հիմքով ստացված դիմում-հայտերին անհատական արձագանքելու անհրաժեշտությունը վերացել է:
Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ վերջին որոշմամբ սահմանված և այս պահին գործող սահմանափակումների վերաբերյալ կարգավորումները համընդհանուր են, և բացառություններ դիտարկելու հնարավորություն նախատեսված չէ:
Ըստ այդմ, www.covid19.gov.am կայքում զետեղված՝ դիմում-հայտ ներկայացնելու առցանց ձևաչափը ժամանակավորապես արգելափակված է:
Հարցերի պարզաբանման և գրություններ ուղարկելու համար շարունակում են գործել պարետատան և պետական գերատեսչությունների հետ հաղորդակցության բոլոր մյուս խողովակները, այդ թվում՝ թեժ գծերը:
Շնորհակալ ենք փոխըմբռնման և համագործակցության պատրաստակամության համար: