«Մեր Մեխակը տուն ունի արդեն։ Շնորհակալ եմ գործարարներ Անդրանիկ Ղազարյանին եւ Արմեն Սիրունյանին այս իրավիճակը այսպես լուծելու համար։
Բայց թույլ տվեք ասել, որ նույնիսկ այս նվիրատվությունը կզրոյանա, եթե Մեխակենց ընտանիքը ձեռբերված բարեկեցությունը աշխատանքով պահպանելու եւ զարգացնելու բանաձեւը չգտնի։
Հաջողություն եմ մաղթում Մեխակ ջան»,-այս մասին ֆեյսբուքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Լոռու մարզ այցի ժամանակ Կուրթանի 34-ամյա բնակիչ Մեխակ Առաքելյանը մոտեցել էր վարչապետին ու խնդրել օգնել տան հարցով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեխակին ուղիղ եթերում հանդիմանանքով հորդորել էր աշխատել ու տուն ստեղծել և վարչապետին նման հարցով չդիմել։
Սակայն պարզվել էր, որ Մեխակն առողջական բազմաթիվ խնդիրներ ունի և ապրում է կենցաղային շատ վատ պայմաններում։ Տեսանյութը մեծ արձագանք է գտել հանրության բոլոր շրջանակներում։ բազմաթիվ մարդիկ Մեխակին օգնելու ցանկություն են հայտնել, երեկվանից բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ կարծիք են հայտնում, որ վարչապետը անարդար է հանդիմանել Մեխակին, շատերը Փաշինյանին կոչ էին անում նրանից ներողություն խնդրել։
Մարտի 11-ին Սիսիանում իր ելույթի ժամանակ ներողություն էր խնդրել կուրթանեցի երիտասարդից: