Ժամը 20:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր։
Պարզվել է, որ Մեծ Սեպասար գյուղի Գյումրու խճուղու մոտակայքում գտնվող «Ազգանաս Բեռնեցյան» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազալիցքավորման ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, ինչից գազալցակայանի աշխատակից Միքայել Թ.-ն (ծնված 1980թ.) տեղում մահացել է:
Պայթյունից վնասվել է մոտակայքում կայանված «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2121» և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, փակել գազալցակայանի գազի պահուստի ընդհանուր փականը, սահմանազատել տարածքը և ապահովել լուսավորությամբ: