Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը` առաջացնում են նախազգուշացում:
Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 40 հազար դրամի չափով:
Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի)` առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:
Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 200 հազար դրամի չափով:
Առևտրի և ծառայությունների բնագավառում, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առևտրի և ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին (22.00-ից մինչև 7.00-ն, 23.00-ից մինչև 7.00-ն և 24.00-ից մինչև 7.00-ն) լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200-300 հազար դրամի չափով:
Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ 1 միլիոն դրամի չափով: