Իրավաբան.net-ը իր նախորդ հոդվածներից մեկով տեղեկացրել էր, որ Գերմանիայի մի շարք օդանավակայանների աշխատակիցներ անցկացրել են գործադուլներ, սակայն դրանով աշխատողների դժգոհությունները չեն դադարել: Ավիացիայի ոլորտի աշխատողների սկսած գործը շարունակում են պետական հաստատությունների աշխատակիցները: Օրինակ Բեռլինում օրեր առաջ տեղի ունեցած գործադուլում մասնակցել են մոտ 5.000 ուսուցիչներ և մանկապարտեզների դաստիարակներ: Աշխատողները պահանջում են աշխատավարձի բարձրացում և տարիֆային համաձայնագրերի վերանայում:
Մայրաքաղաքից հետ չեն մնում նաև տարածաշրջանները: Գործադուլներ են տեղի ունեցել Բավարիայում, Բադեն-Վյուրտեմբերգում, Ստորին Սաքսոնիայում, Հանովերում և այլ վայրերում և դրանց նույնպես մասնակցում են հազարավոր աշխատողներ ուսումնական հաստատություններից, կենցաղային սպասարկման կոմբինատներից, ճանապարհաշինարարական կազմակերպություններից: Ակցիային միացել են նաև Կարլսրուէյում գտնվող մետաղադրամներ և մեդալներ արտադրող ընկերության աշխատակիցները:
Արհեստակցական միությունները պահանջում են պետական մարմինների տարբեր կատեգորիաների աշխատողներին 6,5%-ով բարձրացնել աշխատավարձը: Խոսքը գնում է ամբողջ երկրի մասշտաբով մոտ 800 000 մարդու մասին:
Առաջադրված հարցերի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 7-ին և 8-ին Պոտսդամում:
Նշենք, որ Պոտսդամում 1945թ. հուլիս-օգոստոսին տեղի է ունեցել կոնֆերանս Հակահիտլերյան դաշինքի երեք խոշորագույն տերությունների առաջնորդների մասնակցությամբ, որի նպատակն է եղել որոշել հետպատերազմյան Եվրոպայի հետագա զարգացման հետ կապված քայլերը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net