27.09.2010թ.-ից մինչև 13.10.2011թ. ընկած ժամանակահատվածում հայցվոր «Փարիզյան սուրճ ֆակտորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության /վաճառող/ կողմից հաշիվ ապրանքագրերի համաձայն պատասխանող «Փարիզյան սուրճ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /գնորդ/ մատակարարվել է սուրճի տեսականի, որի դիմաց գնորդի կողմից վճարումներն իրականացվել է մասնակի։ Արդյունքում` մատակարարված ընդհանուր ապրանքների գինը /որի համար վճարում չի կատարվել/ 21.11.2011թվականի դրությամբ կազմում է 7 644 438 ՀՀ դրամ։
21.11.2011թ. «Փարիզյան սուրճ ֆակտորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գրություն է ներկայացվել գնորդին յոթնօրյա ժամկետում պարտավորությունները կատարելու պահանջով, որը գնորդի կողմից չի կատարվել։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Համաձայն նույն օրենսգրքի 347 հոդվածի՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան։
Քաղաքացիական օրենսգրքի 408 հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը։
Պատասխանող կողմը չի ներկայացել դատական նիստին և չի ներկայացրել հայցադիմումի պատասխան կամ որևէ այլ դիրքորոշում, ուստի դատարանը, ուսումնասիրելով հայցվորի ներկայացրած ապացույցները, գտել է, որ հայցը հիմնավոր է և ենթակա բավարարման:
Աղբյուրը` Իրավաբան.net