Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Աղաբեկ Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունիսի 7-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի միջնակարգ դպրոցի մոտակայքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության և կռվի մեջ է մտել համագյուղացի Գրիգոր Գ.-ի հետ, որի ժամանակ բռունցքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա դեմքի և ծնոտի շրջանին` դրանով վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս: Այսինքն, Աղաբեկ Մ.-նը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ամբաստանյալ Աղաբեկ Մ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:
Դատարանը վճռել է Աղաբեկ Մ.-ին ճանաչել մեղավոր ՀՀ քր. օր-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով ու նրան դատապարտել ազատազրկման` 4 տարի ժամկետով։ Նշանակված պատիժն Աղաբեկ Մ.-ն պետք է կրի ՀՀ ԱՆ քրեակատարողական համապատասխան հիմնարկում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net