Սույն թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից գործարկվել է «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման», այսինքն՝ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը: Գործարկվելուց գրեթե անմիջապես հետո հարկատուների շրջանում անհանգստություն էր առաջացել համակարգի անսարքության պատճառով։ Մտահոգվելով, որ բազմաթիվ հարկատուներ համակարգի անսարքության պատճառով կարող են ենթարկվել ոչ իրավաչափ պատասխանատվության, որն էլ իր հերթին կարող է ֆինանսական բեռ հանդիսանալ այդ անձանց վրա՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հարկ էր համարել անդրադառնալ այս խնդրին։
Խնդիրն այն է, որ օրենքով սահմանված ժամկետներում հարկատուների կողմից հաշվետվություններ չներկայացնելը կարող է նրանց պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ, իսկ համակարգի անսարքությունը խոչընդոտում է հարկատուների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը։ Անհանգստացնող ենք համարում այն, որ Պետական եկամուտների կոմիտեն համակարգի խափանումը հիմնավորում է մի շարք արտաքին տեխնիկական պատճառներով՝ խուսափելով պատասխանատվություն կրել համակարգի վերահսկողության և անխափան աշխատանքի համար, քանի որ խնդիրն ուղղակիորեն վերաբերում է հարկային իրավահարաբերությունների սուբյեկտներին։
Տնտեսվարողների ազատ զարգացման համար ծայրահեղ անհրաժեշտ է շարունակել բարելավել հարկային և մաքսային վարչարարությունը. հետևաբար Պաշտպանը շարունակելու է հետևել Պետական եկամուտների կոմիտեի գործունեությանը և առաջիկայում ըստ անհրաժեշտության կներկայացնի նաև այլ խնդիրների վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները։
Աղբյուրը` Իրավաբան.net