Վերաքննիչ քրեական դատարանը դատապարտյալին վաղաժամկետ ազատել է հիմք ընդունելով նաև ՄԻՊ իրավական դիրքորոշումները

Վերաքննիչ քրեական դատարանը դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու որոշման մեջ հաշվի է առել  նաև Մարդու իրավունքների պաշտպանի խախտման որոշումը և այդ որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումները՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկ իրականացված չհայտարարված այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն արձանագրել է, որ ազատությունից զրկված անձն ինքնավնասում կատարելու համար տեղափոխվել է պատժախուց՝ ենթարկվելով կարգապահական տույժի:

Պաշտպանի նախաձեռնած քննարկման վարույթի շրջանակում Պաշտպանը կայացրել է խախտման որոշում՝ հանդես գալով նաև նման պրակտիկայի անթույլատրելիության վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ: 

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի այն իրավական դիրքորոշմանը, ըստ որի՝ ինքնավնասումների կամ ինքնասպանության փորձի համար ազատությունից զրկված անձի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն իրավաչափ չէ: Այս պրակտիկան հակասում է միջազգային չափանիշներին և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ինքնավնասում և ինքնասպանության փորձ կատարած ազատությունից զրկված անձինք պետք է ստանան բավարար ծավալով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական և հոգեբանական աջակցություն՝ գտնվելով քրեակատարողական ծառայողների և բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրող անձնակազմի անմիջական մշտական հսկողության տակ, ինչպես նաև ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ կատարելու համար ազատությունից զրկված անձանց նկատմամբ կարգապահական տույժեր չպետք է կիրառվեն:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Պաշտպանի որոշման և իրավական դիրքորոշումներին կամ իրավաբանության (jurisprudence) մեջբերումները, ինչպես նաև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի վերաբերյալ դատարանի հայտնած դիրքորոշումները:

Սա ևս մեկ օրինակ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները դատական պրակտիկայում դառնում են իրավունքի աղբյուր: Դրանք իրավակիրառ պրակտիկայում կարող են օգտագործվել դատավորների, դատախազների, փաստաբանների և քննիչների կողմից, ինչն էլ առավել արդյունավետ կդարձնի երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել