Ավտովթար՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ․ 6 անձ հոսպիտալացվել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 12-ին, ժամը 08:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 11 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. շտապօգնության ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Toyota Hiace» (Ստեփան Մ., ծնված 1958 թ.) և «Ford Focus» մակնիշների ավտոմեքենաները (Յուրի Մ., ծնված 1962 թ.), այնուհետև «Toyota Hiace» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը: «Toyota Hiace» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բժիշկ Սոֆի Բ.-ն (ծնված 1977 թ.), բուժքույր Նորա Գ.-ն (ծնված 1960 թ.), տեղափոխվող վատառողջ քաղաքացի Հրահատ Մ.-ն (ծնված 1971 թ.), հիվանդին ուղեկցող Գևորգ Մ.-ն (ծնված 2003 թ.), և «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հրահատ Մ.-ն տեղափոխվել է ստացիոնար բուժման:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին և հոսանքազրկել  ավտոմեքենաները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել