Դիմելով դատարան` Ինգա Կ.-ը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին համատեղությամբ աշխատավայրի գործատուի իրավական ակտում նշված ամսվանից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նշանակելու նպաստ։
Ինգա Կ.-ի երեխան ծնվել է 2010թ.-ի հոկտեմբերի 10-ին։ Մինչ հղիության արձակուրդ գնալը` հայցվորը 2009թ.-ի փետրվարի 02-ից աշխատել է «ՋիՖեՔս» ՍՊԸ-ում, իսկ 2009թ.-ի մարտի 02-ից համատեղության կարգով աշխատել է նաև «Ֆիտտիխ Հալդի» ՍՊԸ-ում։ 2011թ.-ի հունվար ամսից գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Հիմնական աշխատատեղի գործատուի կողմից տրված իրավական ակտի (տեղեկանք և հրաման) հիման վրա ստանում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ` ամսական 18.000 ՀՀ դրամի չափով։
2011թ.-ին հայցվորը դիմել է Ավանի սոցիալական ծառայության տարածքային բաժին` խնդրելով նշանակել ևս 18.000 ՀՀ դրամի չափով մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ, համատեղությամբ աշխատավայրի գործատուի կողմից տրված տեղեկանքում և հրամանում նշված ամսվանից` 2011թ.-ի հունվարից, սակայն դիմումը մերժվել է։
2012թ.-ի մարտի 05-ին հայցվորը բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ծառայության վարչությանը, սակայն 2012թ.-ի մարտի 27-ի թիվ 34/Կ-521 գրությամբ այն մերժվել է։
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը (երեխայի խնամքի նպաստ) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի կորցրած եկամտի մասնակի հատուցումն է, որը տրվում է համապատասխան փաստաթղթերի ներկայացման պայմաններում յուրաքանչյուր երեխայի համար` 2012թ.-ի կտրվածքով 18.000 ՀՀ դրամի չափով։ Ընդ որում, նշված նորմերի տրամաբանությունից բխում է, որ երեխայի խնամքի նպաստը տրվում ոչ թե գործատուների քանակի հաշվառմամբ, այլև յուրաքանչյուր երեխայի հաշվառմամբ` ընդամենը 18.000 ՀՀ դրամ։
Սույն գործով դատարանը վճռեց Ինգա Կ.-ի հայցը մերժել: Հայցվորը վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Աղբյուրը` Իրավաբան.net