«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի` ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին վերադարձի ենթակա գումարները պատասխանողի կողմից հաշվանցելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, պատասխանող ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին` «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին գումարի վերադարձ կատարելու մասին եզրակացությունը (եզրակացությունները) ՀՀ ֆինանսների նախարարությանը ուղարկել պարտավորեցնելու պահանջների մասին։
2011թ.-ի մայիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության կողմից իրականացված գործարքների մասով հաստատվել է հաշվանցման (վերադարձման) ենթակա ընդհանուրը 695 091 250 դրամ։
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 02.07.2010թ.-ի թիվ 1011035 հանձնարարագրի հիման վրա «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությունում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, որի արդյունքում 14.11.2011թ. կազմված թիվ 1011035 ստուգման ակտով Ընկերությանն առաջադրվել է 1 500 780 453 դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն։
ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների իրականացման դեպքում ձեռք բերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում և ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարը Ընկերության` հարկ վճարողի ցանկությամբ կարող է ուղղվել այլ հարկային պարտավորությունների մարմանը։ Սա նշանակում է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Խոշոր հարկ վճարողների ՀՏ-ի 14.11.2011թ. կազմված թիվ 1011035 ստուգման ակտով առաջադրված պարտավորությանը հաշվանցելու պատասխանողի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պարագայում, Ընկերության ցանկությամբ 478 574 005 դրամ գերավճարից տարբերվող գումարը կարող է ուղղվել Ընկերության այլ հարկատեսակների գծով հարկային պարտավորությունների մարմանը (հաշվանցմանը), և միայն բոլոր հարկային պարտավորությունները մարելուց հետո, Ընկերությունը իրավունք ունի դիմել հարկային մարմին գերավճարից տարբերվող գումարները վերադարձնելու համար։ Հայցվոր Ընկերությունը ՀՀ ԿԱ ՊԵԿ Խոշոր հարկ վճարողների ՀՏ-ի 14.11.2011թ. կազմված թիվ 1011035 ստուգման ակտով ունեցել է պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորություններ, որպիսի հանգամանքների պայմաններում, ինչպես նաև Ընկերության կողմից ներկայացրած հաշվետվություններով առաջացած այլ հարկային պարտավորությունների առկայության դեպքում բացառվում է գերավճարի գումարների վերադարձը հարկ վճարողին:
Դատարանը վճռեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության հայցը բավարարել մասնակի. ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին վերադարձի ենթակա գումարները պատասխանողի կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ Խոշոր հարկ վճարողների ՀՏ 14.11.2011թ. կազմված թիվ 1011035 ստուգման ակտով առաջադրված պարտավորությանը հաշվանցելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել։
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին վերադարձի ենթակա գումարները պատասխանողի կողմից 144 295 571 դրամ եկամտահարկի պարտավորությանը և 72 221 674 դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարի պարտավորությանը հաշվանցելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին` «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին գումարի վերադարձ կատարելու մասին եզրակացությունը (եզրակացությունները) ՀՀ ֆինանսների նախարարությանը ուղարկել պարտավորեցնելու պահանջների մասով մերժել։
Սույն գործով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից բերվել է վերաքննիչ բողոք:
Աղբյուրը` Իրավաբան.net