Ինքնին դատական նախադեպը` լինելով ինքնուրույն ինստիտուտ, չի կարող ածանցյալ լինել նախադատելիության դատավարական ինստիտուտից: Նախադեպը դա դատական իրավաստեղծ գործունեության արդյունք է, իսկ նախադատելիությունը` դատական ակտի օրինական ուժի և վերջնականության հետևանք: Նախադատելիության սահմաններն էապես նեղ են և արտահայտվում են միայն ապացուցման ոլորտում:
Բացի դա, դատական ակտի հիմնավորումների (այդ թվում` oրենքի մեկնաբանությունների) պարտադիր բնույթը սահմանված է միայն Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի համար (ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ կետ):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշումներում արձանագրել է, որ դատարանի իրավական դիրքորոշումը նախադատելի հանգամանք չէ: Իրավունքի սեփական ընկալման հիմքով դատարանն իրավասու է կատարել որոշակի եզրահանգումներ: Նախադատելի այս դեպքում կարող է լինել հաստատված հանգամանքը, սակայն ոչ դատարանի իրավական դիրքորոշումը:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ վերոհիշյալ իրավական հարցադրմանը պետք է պատասխանել նախադատելիության կամ պրեյուդիցիայի (լատիներեն praejudicialis-ից) դատավարական ինստիտուտի, դատական ակտերի պրեյուդիցիալ կապի և նման կապի օբյեկտիվ սահմանների վերլուծության լույսի ներքո:
Այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված փաստերին:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները, փաստերը հետագա դատավարություններում հերքելու արգելք:
Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը, փաստերը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա:
Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն:
Աղբյուրը` Իրավաբան.net