ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Մեղրու տարածքային հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ի՝ ընկերությունից պետական տուրքի գծով 12.350.000 դրամ պարտքը բռնագանձելու պահանջով:
Համաձայն ՀՀ «Պետական տուրքի մասին» օրենքի 19.4-րդ հոդվածի Մեղրու ՏՀՏ-ում հաշվառված «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ն պետք է պետական բյուջե վճարեր լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիայի համար պետական տուրք՝ որը 2011 թվականի համար կազմել է 10,000,000 դրամ:
2011թ. տուրքի վճարման ժամկետն է 2011 տարվա համար մինչև նույն տարվա դեկտեմբերի 3-ը: 2011թ-ի պետական տուրքը ՍՊԸ-ի կողմից չի վճարվել և վճարումը սահմանված ժամկետում կատարելու համար ՀՀ «Պետական տուրքի մասին» օրենքի 35-րդ հոդվածի համաձայն հաշվարկվել է տույժ՝ 2,350,000 դրամ (10,000,000 դրամ 0.5% 47 օր): Այսպիսով, ՍՊԸ-ի պետական տուրքի գծով պարտքը կազմել է 12.350.000 դրամ, այդ թվում պետական տուրքը 10.000.000 դրամ, վճարումը չկատարելու համար հաշվարկված տույժը՝ 2350.000 դրամ:
Դիմելով դատարան Տեսչությունը խնդրել է Ձեռնարկատիրոջից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել պետական տուրքի գծով նրա պարտքը` 12.350.000 դրամ (նաև դատական ծախսը):
Պետական տուրքի 2.350.000 դրամ տույժի պարտավորությունը Տեսչությունը հաշվարկել է Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 19.4 հոդվածի հիման վրա: Այս խմբագրությամբ հիշյալ հոդվածը ուժի մեջ է մտել 2011թ. դեկտեմբերի 31-ից: Այս հոդվածի բովանդակությունից բխում է, որ պետական տուրքը սահմանվում է ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար: Մինչև 31.12.2012թ-ը գործող խմբագրությամբ՝ Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 17-րդ կետի 17.1 կետը սահմանել է, որ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) համար` տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով: Լիցենզիան Ընկերությանը տրվել է (ընդունվել է) պայմանով. Լիցենզիայի ուժի մեջ մտնելու հանգամանքը կապվել է որոշակի պայմանի՝ այն է. համապատասխան լիցենզային պայմանագրի կնքման պահի, առաջացման հետ:
Սույն գործով դատարանը որոշեց հայցը բավարարել մասնակիորեն՝ 10000.0 հազար դրամ պետական տուրքի բռնագանձման պահանջի մասով կարճել թիվ ՎԴ1/0020/05/12 գործի վարույթը՝ հայցվորի կողմից այդ մասով հայցապահանջից հրաժարվելու հիմքով: Հայցը` 2350000 դրամ տույժի բռնագանձման պահանջի մասով, մերժել: ՀՀ Վարչական դատարանի 22.02.2012թ. որոշմամբ պատասխանող «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ի դրամական միջոցների և գույքի վրա 12.350.000 դրամի չափով դրված արգելանքը վերացնել:
Աղբյուրը` Իրավաբան.net