Լարիսա Գորգոյանը, Վարդուհի, Լիլիթ, Խաչիկ Աբրահամյանները հայց են ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի, ՀՀ քաղաքաշինության նախարարության` 05.10.2010թ. թիվ 20 արձանագրության թիվ 1 հավելվածի 1-ին կետը մասնակի` հայցվորների մասով, ոչ իրավաչափ ճանաչելու և վերացնելու և հայցվորներին Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում 2010թ. կառուցված, բնակեցման ենթակա բնակելի տներից երկու սենյականոց տուն հատկացնելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պատասխանողներին պարտավորեցնելու պահանջների մասին:
Հայցվորները չեն ընդգրկվել ՀՀ 2010թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված բնակելի տներից տուն ստացողների ցուցակում հետևյալ երկու պատճառաբանությամբ.
1/ Շենավանի գյուղխորհրդի կողմից 25.09.1994թ. տրված բնակելի տարածության թիվ 40 օրդերի համաձայն` Լ.Գորգոյանի նախկին ամուսնուն` Իլյիչ Աբրահամյանին, հատկացվել է Շենավան համայնքում գտնվող 2 սենյականոց բնակելի տունը (ընդհանուր մակերեսը` 62,5քմ), որի նկատմամբ Ի.Աբրահամյանի անվամբ Սպիտակի քաղխորհրդի գործկոմի 25.11.1995թ. արձանագրության թիվ 11 որոշման հիման վրա 28.03.2001թ. գրանցվել է սեփականության իրավունք։
2/ Գորգոյանի անվամբ որպես ընդհանուր համատեղ սեփականություն 04.03.2004թ. գրանցում է ստացել ք.Սպիտակ, Շվեյցարական թաղամասի թիվ 137 հասցեում գտնվող 3 սենյականոց բնակելի տունը (ընդհանուր մակերեսը` 69,7քմ), որն օտարվել է 21.04.2004թ-ին։ Նշված բնակելի տունը Սպիտակի քաղխորհրդի գործկոմի 19.09.1994թ. թիվ 11 արձանագրության 7-րդ կետի համաձայն հատկացվել է Լ.Գորգոյանի մոր` Քնարիկ Միսակյանի 4 անձից բաղկացած ընտանիքին (ինքը և 3 երեխաները` Լարիսա, Լուիզա, Գրիգոր Գորգոյաններ)։
Դատարանի գնահատմամբ միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելն ինքնին չի կարող հանգեցնել բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պատասխանողին պարտավորեցնելու մասին հայցը բավարարելուն, քանի որ դրա համար ապացուցման ենթակա է այն փաստը, թե տուն հատկացնելու համար առկա են բավարար փաստական և իրավական հիմքեր։ Այսինքն` վարչական մարմնին կամ մարմիններին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու համար պետք է հաստատվի ոչ միայն այն հանգամանքը, որ այդ ակտն ընդունելու խնդրանքով դիմումը ներկայացնելու պահին տվյալ մարմինը (մարմինները) պարտավոր էր (էին) ընդունելու հայցվող բարենպաստ վարչական ակտը, այլ նաև այն, որ գործը քննելու ու դատական ակտ կայացնելու պահի դրությամբ կոնկրետ հարաբերությունները կարգավորող գործող իրավական ակտերի պահանջներից բխում է հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու վարչական մարմնի պարտականությունը։ Այլ կերպ ասած, դատարանը պետք է հաստատված համարի, որ դատական ակտը կայացնելու դրությամբ գործող իրավական ակտերը պարունակում են բավարար հիմքեր հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու համար։
Դատարանը վճռեց Լարիսա Գորգոյանի, Վարդուհի, Լիլիթ, Խաչիկ Աբրահամյանների հայցը բավարարել մասնակի` վերացնել ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի 05.10.2010թ. թիվ 20 արձանագրության թիվ 1 հավելվածի 1-ին կետը մասնակի` հայցվորների մասով։ Լարիսա Գորգոյանի, Վարդուհի, Լիլիթ, Խաչիկ Աբրահամյանների հայցը մնացած մասով մերժել։
Սույն գործի քննությունը շարունակվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Աղբյուրը` Իրավաբան.net