Իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջը դատարանը կարող է նաև լրիվ կամ մասնակիորեն ազատել պատասխանատվությունից` հաշվի առնելով տուժողի մեղքի առկայությունն ու դրա չափը:
Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:
«Առավել վտանգի աղբյուրի սեփականատերը պատասխանատվություն չի կրում այդ աղբյուրի պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ աղբյուրը դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով: Նման դեպքերում առավել վտանգի աղբյուրի պատճառած վնասի համար պատասխանատվությունը կրում են աղբյուրն ապօրինի տիրապետած անձինք: Աղբյուրի սեփականատիրոջ տիրապետումից այդ աղբյուրի ապօրինի վերցնելու մեջ նրա մեղքի առկայության դեպքում պատասխանատվությունը կարող է դրվել ինչպես առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջ, այնպես էլ այն ապօրինի ձեռք բերողի վրա»,-Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Առավել վտանգի աղբյուրների սեփականատերերը համապարտ պատասխանատվություն են կրում այդ աղբյուրների փոխներգործության (տրանսպորտային միջոցների բախում և այլն) հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասի համար, իսկ սեփականատերերին պատճառված վնասը հատուցվում է ընդհանուր հիմունքներով:
Աղբյուրը` Իրավաբան.net