Նախ խոսենք պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերի մասին, մասնավորապես` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`
1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։
2) սեփական նախաձեռնությամբ` (կամավոր սնանկության դիմում), եթե պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն)։ Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա օրենքի համաձայն բռնագանձում չի կարող տարածվել:
Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարան կարող է ներկայացնել տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ներկայացուցիչը կամ պարտատերը:
Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ալիմենտների բռնագանձման պահանջներով պարտատերերն իրենց պահանջները կարող են ներկայացնել դատարան` «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով: Նշված պահանջները չներկայացվելու դեպքում ֆիզիկական անձի սնանկության գործի ավարտից հետո պահպանում են իրենց ուժը:
Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճռով դատարանն արգելանք է դնում տվյալ անձի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:
Ֆիզիկական անձի միջնորդությամբ դատարանը կարող է ֆիզիկական անձի գույքը (գույքի մասը) ազատել արգելանքից, երրորդ անձանց կողմից երաշխավորության կամ ֆիզիկական անձի պարտավորությունների կատարման այլ ապահովում ներկայացնելու դեպքում:
Դատարանն ազատում է ֆիզիկական անձի գույքն արգելանքից, եթե վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրվում է պարտապանի պարտավորությունները գերազանցող (առնվազն 30 տոկոսով) արժեքով գույք, ներկայացվում է երաշխիք կամ սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ մուտքագրվում են պարտավորությանը համարժեք դրամական միջոցներ:
Ֆիզիկական անձի դիմումով, հայտնի պարտատերերի համաձայնությամբ, դատարանը կարող է մինչև մեկ ամիս ժամկետով հետաձգել սնանկության մասին գործի քննությունը` ֆիզիկական անձի կողմից պարտատերերի հետ վերջնահաշվարկներ կատարելու կամ հաշտության համաձայնության հասնելու նպատակով:
Ֆիզիկական անձի օգտին ժառանգության բացման մասին տեղեկությունների առկայության դեպքում դատարանի որոշմամբ կարող է կասեցվել սնանկության մասին գործի վարույթը` մինչև օրենքով սահմանված կարգով ժառանգության հարցի լուծումը:
Եթե վերը նշված ժամկետում ֆիզիկական անձը չի ներկայացրել պարտատերերի պահանջները բավարարելու ապացույցներ և նշված ժամկետում հաշտության համաձայնություն չի կնքել, ապա դատարանը վճիռ է կայացնում ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին:
Ֆիզիկական անձի սնանկության մասին տեղեկությունների հրապարակումն իրականացնում է տվյալ ֆիզիկական անձը, եթե սնանկ ճանաչելու դիմումը ներկայացրել է ինքը:
Պարտապան ֆիզիկական անձը կարող է ներկայացնել նաև ֆինանսական առողջացման ծրագիր:
Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատում է դատարանը, եթե այն համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին: Ֆիզիկական անձի առողջացման ծրագրի առավելագույն ժամկետը չի կարող 4 տարուց ավելի լինել:
Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը պարտատերերի կողմից չի քվեարկվում:
Աղբյուրը` Իրավաբան.net