Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Ադրբեջանը փորձում է բանակցությունների մաս դարձենլ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը, հայտարարել է, որ «ադրբեջանական համայնք» հասկացություն չկա։
«Մեզ համար հստակ է, որ պիտի ամեն ինչ անենք, որ Ադրբեջանի այդ մանիպուլյացիաները՝ Արցախի Հանրապետությունը հավասարեցնել ինչ-որ ադրբեջանական կոչված համայնքի, որը ոչ քաղաքական, ոչ պետական, ոչ նույնիսկ հասարակական կազմակերպություն է, ֆեյքային չգիտեմ ինչ է, և այդպիսի բան չի կարող տեղի ունենալ երբևիցե, որովհետև Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես պետություն տասնամյակներ և նրա կարգավիճակը որպես հակամարտող կողմ ֆիքսված է Մինսկի խմբի ու ԵԱՀԿ փաստաթղթերում, մասնավորապես` 1994 թվականի Բուդապեշտի որոշումներում։ Եվ հետևաբար, մեզ համար «ադրբեջանական համայնք» հասկացությունն անընդունելի է»,- նշել է նա։
Նա հավելել է, որ բանակցությունների ձևաչափը չի կարող քառակողմ դառնալ, քանի որ Արցախը կայացած պետություն է և չի կարող «հավասարեցվել ինչ-որ ֆեյքային մեկ-երկու հոգանոց ինչ-որ համայնքի հետ»։
Բաբայանը նշել է նաև, որ Բաքուն մշտապես այդ հարցը շահարկել է ու շահարկում է, նաև շանտաժի է ենթարկում տարածաշրջան այցելող համանախագահությանը, որպեսզի հանդիպումներ լինեն այդ համայնքի հետ։
Նա հավելել է, որ չի կարող լինել ադրբեջանցիների վերադարձ Արցախ առանց հայերի՝ Ադրբեջան վերադարձի։
«Մենք մշտապես ասում ենք, որ խնդիրը կարող է կարգավորվել առաջին հերթին՝ եթե կարգավորված են բոլոր քաղաքական խնդիրները։ Այսինքն՝ ոչ մի բաց հարց չպետք է մնա, երբ պետությունները՝ Արցախն ու Ադրբեջանն իրար ճանաչեն, սահմանները հստակեցվեն, ամեն, ամեն հարց լուծվի, նոր անդրադարձ կատարվի մարդասիրական հարցերին։
Ինչ վերաբերում է Մադրիդյան, այլ սկզբունքներին, չկա փաստաթուղթ, կան ինչ-որ հարցեր, որոնք բանակցվում են։ Էն, որ Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականություն․․․ մենք կարո՞ղ ենք դրանից հրաժարվե՞լ, չէ, ստիպված էդ ապուշությունը քննարկում ենք, մեր հարցերն էլ հետը․․․ էս բանակցությունները սա են ու չի լինում, որ մենակ մեր հարցերը կարգավորենք, իրենք էլ իրենց խնդիրներն են դնում ու այդ հարցերի շուրջ, ստիպված՝ ընթանում են քննարկումներ, բայց դա չի նշանակում, որ ընդունելի է։ Վերջին խոսքը ժողովրդինն է և որևէ պարտադրանք չի կարող լինել»,- ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը հունվարի 28-30-ը Ժնևում Մինսկի խմբի համանախագահների հետ առանձին և համատեղ քննարկել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Նրանք շեշտել են արդար և տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը: