Հաճախակի են լինում դեպքեր, երբ պայմանագրային կողմերը որևէ պայմանագիր կնքելուց հետո վիճարկում են դրանց էական պայմանները, ուստի խնդիր է առաջանում դրանց իրավաբանական որակումներ տալու հարցում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:
Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձևով, ապա այն կնքված է համարվում դրան պայմանավորված ձև տալուց հետո, թեկուզև պայմանագրի տվյալ տեսակի համար այդ ձևն օրենքով չի պահանջվում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:
Պայմանագրերի իրավաբանական դասակարգման կամ պայմանագրերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի պայմանագրերի տարրերի առկայության բացահայտումը մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է, որն իրենից ներկայացնում է պայմանագրի մեկնաբանության բաղկացուցիչ մաս:
Մասնավորապես, պայմանագրի իրավաբանական դասակարգման համար պետք է`
1. պարզվեն տվյալ պայմանագրի պայմանները (առարկան, գինը, ձևը, կողմերի իրավունքների և պարտականությունների շրջանակը),
2. դրանք համադրվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրերի վերաբերյալ ընդհանուր և կոնկրետ պայմանագրի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ նորմերի հետ պայմանագրի տեսակը որոշելու համար:
Պայմանագրերի իրավաբանական դասակարգման նկատմամբ կիրառելի են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքի նորմերի և պայմանագրի մեկնաբանության վերաբերյալ հոդվածները:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին: Վճռաբեկ դատարանը նշել է, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տես «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի` գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ ՇԴ1/0303/02/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Աղբյուրը` Իրավաբան.net