ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:
Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ պետք է բացակայի նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ:
Վճռաբեկ դատարանը սահմանել է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյո՞ք գործի փաստերից ելնելով` առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա:
Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը հայցն առանց քննության թողնելու հիմք է:
Դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վեճի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզի` ելնելով տվյալ գործի փաստերից, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից (տես` <<Ֆիրմա ՄՄ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի թիվ 3-445(Ա) գործով 02.03.2007 թվականի որոշումը):
Աղբյուրը` Իրավաբան.net