Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, նորաստեղծ պետության ներքին գործերի նախարարությունը, գիտակցելով բոլոր դժվարությունները, որոնց կարող են հանդիպել իրավապահ մարմինները դեմոկրատացման և արմատական փոփոխությունների այս բարդ ժամանակաշրջանում, և կարևորելով ոստիկանական միջազգային համագործակցությունը, առաջարկությամբ դիմեց ՀՀ կառավարությանը` Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը-Ինտերպոլին ադնդամակցելու վերաբերյալ:
և 1992թ. նոյեմբերին Դակարում կայացած Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում Հայաստանն ընդունվեց որպես անդամ-երկիր, իսկ դեկտեմբեր ամսից սկսեց կազմավորվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն, որը վերջնականորեն ձևավորվեց 1993թ. հունիսին:
Ի՞նչ է ինտերպոլը և ի՞նչ գործառույթներ է այն իրականացնում:
Ինտերպոլը դա քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է ապահովել և զարգացնել փոխհամագործակցությունը քրեական ոստիկանության բոլոր մարմինների միջև` երկրներում գործող օրենսդությունների շրջանակներում և մարդու իրավունքների Համընդհանուր Հռչակագրի ոգով, ստեղծել և զարգացնել հաստատություններ, որոնք արդյունավետորեն կնպաստեն քրեական հանցավորության կանխարգելմանը և դրա դեմ ուղղված պայքարի իրականացմանը:
Ոստիկանական միջազգային համագործակցության հիմնական սկզբունքներն են՝
Հարգանք ազգային ինքնիշխանության նկատմամբ
Համագործակցությունը հիմնված է Ինտերպոլի անդամ երկրների ոստիկանական ուժերի գործողությունների վրա` կապված իրենց երկրներում ազգային օրենքների հետ:
– Հարգանք գործող քրեական օրենքների նկատմամբ
Կազմակերպության գործունեության շրջանակները սահմանափակվում են հանցագործությունների կանխարգելմամբ և քրեական օրենքի դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ օրենքի կիրառմամբ: Սա այն մակարդակն է, որտեղ պահանջվում է համաձայնություն բոլոր անդամ երկրների միջև:
– Համընդհանրությունը
Յուրաքանչյուր անդամ երկիր կարող է համագործակցել մյուս երկրների հետ: Համագործակցությունը չպետք է խոչընդոտեն քաղաքական, աշխարհագրական կամ լեզվական գործոնները:
– Հավասարություն բոլոր անդամ երկրների միջև:
Կազմակերպության բոլոր անդամ երկրները ստանում են միևնույն ծառայությունները` անկախ իրենց անդամավճարների չափերից:
– Համագործակցություն այլ մարմինների հետ
Համագործակցությունը կարող է տարածվել ԱԿԲ-ների և բոլոր անդամ երկրների պետական մարմինների միջև, որոնք մասնակցում են հանցավորության դեմ պայքարին:
– Աշխատանքային մեթոդների ճկունություն
Չնայած, ղեկավարվելով կանոնավորութուն և անընդհատություն ապահովող սկզբունքներով, աշխատանքային մեթոդները բավականին ճկուն են` հաշվի առնելով տարբեր երկրների բազմապիսի կառույցների և տիրող իրավիճակների բազմազանությունը:
Այսօր արդեն Ինտերպոլին անդամակցում են մոտ 188 երկրներ: Անդամ-երկրների այս քանակն ինքնըստինքնյա ընդգծում է կազմակերպության հեղինակությունը և կարևորությունը միջազգային մակարդակով հանցավորության դեմ պայքարում:
Աղբյուրը` Իրավաբան.net