Ավետի արածն այդպիսի ժողովրդական օրօրացայինների ոճական նմանակում է․ փոխքաղաքապետը՝ «Էն ում Ամանորն է» երգի քննադատությունների մասին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբենյանի «Էն ում Ամանորն է» երգի քննադատություններին։ Նշենք, որ երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը՝ Գարիկ Պապոյանինն է։

«1. Րուրի, րուրի, րուրի, րուրի, Րուրի, րուրի, րուրի լաո,
Րուրի կենիմ դու րուրենաս, Րուրի, րուրի, րուրի լաո:
Դու պզտիկ իս շուտ մենձընաս, Րուրի, րուրի, րուրի լաո:

2. Հեյրուր, հեյրուր, հեյրուր, հեյրուր,
Հեյրուր էնիմ գրկանոցին,
Հեյրուր էնիմ ու օրորիմ,
Հեյրուր, հեյրուր, հեյրուր, հեյրուր…

3.Սասնա գեղէն երկու հարս,
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,
Լե, լե, լե մայրո,
Մտել են գետ, կը լողեն,
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,
Խորոտիկ մայրո:

Հիմա
Ինչպես տեսնում եք ժողովրդական երգերի, հատկապես օրօրոցայինների տեքստերի մեջ, վանկային կրկնությունները շատ հաճախ հանդիպող, շատ ավանդական, անգամ ոճային տրաֆարետային հորինվածքային ձև է: Ոչինչ աննախադեպ, անհարազատ ու սխալ տեղի չի ունեցել: Ավետի արածն այդպիսի ժողովրդական օրօրացայինների ոճական նմանակում է, երաժշտական լեզվով ասված, այս դեպքում ժողովրդական տեքստային մոտիվների օգտագործում` ինչն արել ու անում են գրեթե բոլոր ստեղծագործողները` Շեքսպիրից մինչև Թումանյան (կոմպոզիտորների մասին էլ չասեմ): Հաշվի առնելով, որ Սուրբ Ծննդյան-Ամանորյա երգերը նաև օրորոցայիններ են (ասենք օրինակ «ՍՈւՐԲ ԳԻՇԵՐ», հայկական շատ ավետիսներ)` այսպիսի նմանակումը առավել քան տեղին է:

Հնարավոր է, որ ինքնուրույն չկարողանաք վերլուծել, խորամուխ լինել էս ամեն ինչի մեջ, բայց այ որ ձեր լսած երգերը «ձյունանուշիկ իմ բարի տոնածառս զարդարի»-ները չլինեին, այլ հենց վերևում մեջբերածս երգերը` էդ «Հեյրուր հեյրուր», «րուրի րուրի», «լուե լուե»-ի նմանությունը գոնե ողնաշարով կզգայիք»,- գրել է Վիրաբյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել