Ռազմիկն ավազակությամբ հափշտակել է նաև 1000 դրամ արժողության թևնոց. Դատավճիռը բողոքարկվել է

Ռազմիկ Պետրոսյանը ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2012թ. օգոստոսի 19-ին Երևան քաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտ Արշակ Պողոսյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով ծեծել է նրան ու առողջությանը դիտավորությամբ պատճառել միջին ծանրության վնաս` աջ ակնակապճի ստորին պատի կոտրվածքի ձևով:

 

Ինչպես ասվում է մեղադրական եզրակացության մեջ, նա, չկարողանալով պոկել Ա. Պողոսյանի ձախ թևին եղած 1000 ՀՀ դրամ արժողության թևնոցը, ավազակությամբ հափշտակել է Արշակ Պողոսյանին պատկանող զգալի չափի` 21.500 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի:

 

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործը քննել է դատավոր Արշակ Վարդանյանը:

 

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ռազմիկ Պետրոսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել` ընդունելով, որ 2012թ. օգոստոսի 19-ին, ինքնակամ լքելով Վարդաշենի թիվ 1 հատուկ կրթահամալրի տարածքը` ժամը 21-ի սահմաններում «Ս.Սարգիս» եկեղեցու մոտ մոտեցել է պատահական մի տղայի, ինչպես հետագայում է պարզել` Արշակ Պողոսյանին, վերջինիս բջջային հեռախոսն հափշտակելու նպատակով ծեծի է ենթարկել նրան և վերցնելով բջջայինը` դիմել փախուստի։ Նա նշել է նաև, որ նույն օրը` ժամեր անց, Արշակ Պողոսյանը զանգահարել և պատրաստակամություն է հայտնել 100 ԱՄՆ դոլարով ետ գնել բջջայինը, որին համաձայնել է, սակայն հանդիպման վայր են եկել նաև ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներ, ովքեր և իրեն, բջջային հեռախոսով հանդերձ, բերման են ենթարկել ոստիկանության բաժին։

 

Նրա խոսքով` ինքը թիվ 1 հատուկ կրթահամալիր է տեղափոխվել Գավառի մանկատնից, որտեղ բնակվել է ինը տարեկան հասակից։ Դատարանին հայտնել է, որ ծնողներից հորը միակ անգամ տեսել է հինգ տարեկան հասակում։

 

Դատարանը Ռազմիկ Պետրոսյանին ճանաչել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման` պատժի կրման սկիզբն հաշվելով 2012թ. օգոստոսի 20-ից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնելով անփոփոխ` մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։

 

Սակայն դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել` Վերաքննիչ քրեական դատարան բողոք ներկայացնելու պատճառով:

 

Ռազմիկ Պետրոսյանի հանրային պաշտպանը խնդրել է դատարանից բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման դատական ակտ: Չարդարացնելու դեպքում կիրառել ՀՀ քր.օր. 70 հոդ. և պատիժը պայմանականորեն չկիրառել` նշանակելով փորձաշրջան :

 

Գործի քննությունը շարունակվում է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել