Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Հովհաննես Ի.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության գալով Սամսոն Ս.-ի և Հովհաննես Հ.-ի հետ, 2010թ. հունիսի 23-ին նախապես իր բնակարանից վերցրել և կրել է իր կողմից ապօրինի պահվող, որպես զենք օգտագործվող Մակարով տեսակի և գազային ատրճանակները, որոնք նույն օրը` ժամը 14:30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում հանդիպելով Սամսոն Ս.-ին և Հովհաննես Հ.-ին փոխանցել է նրանց: Այնուհետև ժամը 16-ի սահմաններում նախնական պայմանավորվածության համաձայն` սպասել է դրսում, իսկ Սամսոն Ս.-ն և Հովհաննես Հ.-ն, ներկայանալով որպես գազի ծառայության աշխատակիցներ, խաբեությամբ ապօրինի մուտք են գործել Արև Ա.-ին պատկանող Վաղարշապատ քաղաքի Մաշտոց փողոցի բնակարան, որտեղ տանը միայնակ գտնվող նրա որդու` Արմեն Վ.-ի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, կպչուն ժապավենով կապելով վերջինիս ձեռքերը, ոտքերը և բերանը` հափշտակել են ընդհանուր գումարով առանձնապես խոշոր չափերի` 10.820.679 դրամի նյութական արժեքներ, 3.850.000 ՀՀ դրամ, 2.719.279 ՀՀ դրամին համարժեք 7350 ԱՄՆ դոլար, 536.400 ՀՀ դրամին համարժեք 45.000 ՌԴ ռուբլի, 3.715.000 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր և դիմել փախուստի:
Բացի այդ, Հովհաննեսը 2009-2010թթ. ընթացքում` տարբեր օրերի, Սամսոն Ս.-ին Երևան քաղաքի Էստոնական փողոցի 10-րդ շենքի թիվ X բնակարանից իր գործածման համար 3 անգամ ապօրինի ձեռք է բերել Սամսոն Ս.-ի կողմից զգալի չափի «Ափիոն» տեսակի թմրամիջոցից պատրաստված և ներարկիչի մեջ լցված 1.5 մլ ծավալով «Ափիոն» տեսակի թմրամիջոցի լուծույթ և ինքն իրեն ներարկել:
Բացի այդ Հովհաննես Ի.-ը իր տանն ապօրինաբար պահել է ռազմամթերք հանդիսացող երկու հատ գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի հրազենային փամփուշտ, որը 27-05-2011թ. խուզարկությամբ հայտնաբերվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների կողմից: Ավելին, Հովհաննես Ի.-ն օժանդակել է ավազակային հարձակման կատարմանը, որը հիմնավորվել է քրեական գործով ձեռք բերված ապացույցներով: Այսինքն, Հովհաննես Ի.-ն կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 175հ.3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քր.օրի 38-175հ.2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քր.օրի 268հ.1-ին մասով և 235հ.1-ին և 4-րդ մասերով:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Արմավիրի մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net