Այդպիսի աննախադեպ որոշում նախորդ 10 և ավելի տարիների ընթացքում չէր եղել. Մովսես Արիստակեսյան

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է  կառավարության կողմից ընդունված սոցիալական որոշմանը՝ թոշակներն ու նպաստները բարձրացնելու մասին։

«Հարգելի ՀՀ հպարտ քաղաքացիներ։

Երեկ, 2019 թ․ դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց շատ կարևոր սոցիալական որոշում՝ թոշակներն ու նպաստները բարձրացնելու մասին։

Հիրավի այդպիսի աննախադեպ որոշում նախորդ 10 և ավելի տարիների ընթացքում չէր եղել։ Այդ որոշմամբ փորձ է կատարվում մեղմել ՀՀ քաղաքացիների աղքատացման գործընթացը, ինչը ակնհայտորեն կդրսևորվի 2020 թ․ հունվարի 1-ից սպասվող գնաճային ճնշումների պատճառով։ Ինչևե, այդ որոշման կապակցությամբ մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ կառավարությանը։

Դրա հետ մեկտեղ ցանկանում ենք նշել, որ այդ նախաձեռնության ողջ «հմայքն ու գեղեցկությունը» վայրկենապես չքացավ այդ լուրին անմիջապես հաջորդած այն տեղեկատվական հոսքից, ինչի համաձայն ՀՀ կառավարությունը գաղտնի կերպով բարձրացրել է ՀՀ նախարարների աշխատավարձերը, ՀՀ իշխանության բոլոր թևերի ներկայացուցիչները պարգևատրել են իրենց շռայլորեն՝ ՀՀ հպարտ քաղաքացիների թոշակների ու նպաստների բարձրացման մակարդակի պատիկ անգամներով, ՀՀ մարզպետերն ու համայնքապետերը թաքուն բարձրացրել են իրենց ու իրենց մտերիմների աշխատավարձերն ու մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկված տոկոսներով պարգևավճարներ են տվել իրենց և այլն։ Ընդ որում, այդ բարձրացումները արդարացվել են այն բանով, որ պետական համակարգում ոչ ոք չի ցանկանում աշխատել մասնավոր հատվածից ցածր աշխատավարձով, իսկ պարգևատրումներն էլ արդարացվել են իրենց քրտնաջան, օր ու գիշեր աշխատանքի արդյունքների համար խրախուսանքի և անգամ թավշյա իշխանության դեմ հակամարտող հանրային աշխատողներին մոտիվացնելու նպատակով։

ՑԱՎԱԼԻ Է, ԲԱՅՑ ՓԱՍՏ։ Հետևաբար, ստիպված եմ անել հետևյալ հայտարարությունը։

Հարգելի կառավարություն, ես՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիս, երախտապարտ ու շփոթված եմ իմ վաստակած աշխատանքի համար իմ կենսաթոշակի մակարդակի աննախադեպ՝ 3500 դրամով, բարձրացնելու համար։ Ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ այդ հսկայական գումարով։ Առանց այդ էլ իմ ներկայիս թոշակը՝ 44160 ՀՀ դրամ, այնքան բարձր է, որ լիուլի բավարարում իմ ու իմ ընտանիքի անդամների, որպես մարդ արարածների, պարենային, ոչ պարենային, հոգևոր, մշակութային, կրթական, առողջապահական, հանգստի և այլ մարդկային պահնջմունքների բավարարման համար և ավելին, դրանից մնում են զգալի միջոցներ, որոնք ազատորեն ուղղում եմ երկրում տնտեսական հեղափոխությունն իրականացնելու նպատակով ներքին ներդրումներին՝ միկրոձեռնարկատիրության շրջանակներում։

Եւ քանի որ, ես հարստացել եմ մի ամբողջ 3,5 հազար ՀՀ դրամով, որոշել եմ հետևել թավշյա հեղափոխության կոչին՝ հարստացնել մեր երկիրը։ Այդ ազգանպաստ նապատակն իրականացնելու համար որոշել եմ նախաձեռնել հետևյալ մարտահրավերը․ դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը թախանձագին խնդրելով հանրային աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու, հանրապետության մասնավոր հատվածի միջին աշխատավարձի մակարդակը 2 անգամ գերազանցող աշխատավարձ տալու և ամեն ամիս կամ էլ ամիսը 2 անգամ նրանց աշխատավարձը 2 անգամ գերազանցող պարգևավճար տալու նպատակով, յուրաքնաչյուր տարի իմ թոշակի բարձրացված մասը՝ 3,5 հազար դրամը, փոխանցեք․

1. հունվար ամսին՝ ՀՀ կառավարության աշխատակազմին,

2. փետրվար ամսին՝ ՀՀ ԱԺ աշխատակազմին ,

3. մարտ ամսին՝ ՀՀ նախագահի աշխատակազմին,

4. ապրիլ ամսին ՀՀ սահմանադրական դատարանի և դատական համակարգի աշխատակազմերին,

5. մայիս ամսին՝ ՀՀ կենտրոնական բանակի և բանկային համակարգին,

6. հունիս ամսին՝ պետական անկախ մարմիններին,

7. հուլիս ամսին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին,

8. օգոստոս ամսին՝ ՀՀ մարզպետարանների աշխատակազմերին,

9. սեպտեմբեր ամսին՝ ՀՀ համայնքապետերի աշխատակազմերին,

10. հոկտեմբեր ամսին՝ Հայաստանի համահայկական հիմնադրամին,

11. նոյեմբեր ամսին՝ քրեաօլիգարխիկ նախկին համակարգից մնացած ներկա մենաշնորհատերերին կամ իչպես հիմա են ասում՝ խոշոր սեփականատերերին,

12. դեկտեմբեր ամսին՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։

Կատարելով այս մեծ զոհուղությունը, միաժամանակ պահանջելու եմ վերոհիշյալ անձանցից․

  • լինել օրինապահ ու ՀՀ սահմանադրությանը համապատասխան ԾԱՌԱՅԵԼ ՀՀ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ,
  • չզբաղվել կոռուպցիոն գործունեությամբ,
  • ընդունել պետականամետ ու ազգանպաստ որոշումներ,
  • հարգել ՀՀ հպարտ քաղաքացիների համընդհանուր իրավունքներն ու ազատությունները,
  • հեղափոխական մեթոդներով արագ կերպով իրականացնել անցումային արդարադատություն։

Հայտարարելով վերոհիշյալի մասին, ՀՀ վարչապետի արարքին համահունչ՝ այս մարտահրավերը ուղղում եմ ՀՀ հպարտ 600 հազարից ավելի կենսաթոշակառուներին ու նպաստառուներին, հիշեցնելով, որ եթե հարստացել եք, ապա ստիպված եք հանուն Հայրենիքի հարստացնել ձեր ԾԱՌԱՆԵՐԻՆ»,- ասվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել