ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ պայքարին ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, բացահայտել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով և վատնման եղանակով հափշտակություն կատարելու դեպք:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային անվտանգության ծառայությունից։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք պայմանագրային զինծառայողներ, 2019 թ. հունիս-օգոստոս ամիսների ընթացքում իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով` ուրիշի գույքի վատնման եղանակով, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նույն զորամասի պլանային ուսումնական թռիչքներ չիրականացնելու և թռիչքների համար նախատեսված ավիավառելիքը հափշտակելու հարցի շուրջ համաձայնության գալով, հիշյալ ժամանակահատվածում հափշտակել են առանձնապես խոշոր չափերով` 5.288.944 ՀՀ դրամին համարժեք 10.838 լիտր ավիավառելիք:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։