Մի քանի օր առաջ լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց այն մասին, որ Շիրակի մարզում 27-ամյա կին է ինքնասպան եղել: Ըստ տարածված տեղեկության՝ երիտասարդ կինն այդպիսի քայլի է դիմել այն պատճառով, որ նախկին ամուսինը թույլ չի տալիս, որ երեխաները շփվեն իր հետ:
Հաշվի առնելով դեպքը՝ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է նկարագրված խնդրի ամբողջական ուսումնասիրություն:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ինչպես վկայում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները, ներկայում լայն տարածում ունեն այն դեպքերը, երբ ծնողներից մեկը (հիմնականում՝ հայրը) առերևույթ կամայական արգելում է մյուս ծնողի տեսակցությունը կամ որևէ այլ հաղորդակցություն երեխայի հետ կամ ստեղծում է խոչընդոտներ: Արդյունավետ չէ Խնամակալության և հոգաբարձության մարմինների ու ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը:
Մասնավորապես,
- Խիստ մտահոգիչ է Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությունն այս ոլորտում․ նրանք չեն ցուցաբերում հետևողականություն ու պատշաճ ներգրավվածություն նշված գործընթացներին, չունեն մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն։ Պաշտպանին պարբերաբար հասցեագրվող բողոքների քննարկումը վկայում է այն մասին, որ կան դեպքեր, երբ, օրինակ՝ երեխային տեսակցելու և վերջինիս հետ շփվելու հնարավորությունից զրկված ծնողը դիմում է Խնամակալության և հոգաբարձության մարմին, սակայն տվյալ մարմինը պատշաճ միջոցներ չի ձեռնարկում անհրաժեշտ ուսումնասիրություն կատարելու և երեխայի լավագույն շահից բխող որոշում կայացնելու համար: Արձանագրվել են բողոքներ այն մասին, որ Խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխայից առանձին բնակվող ծնողին ուղղորդել ու համոզել է վերադառնալ նախկին ամուսնու մոտ՝ երեխայի հետ շփումը պահպանելու նպատակով, հակառակ պարագայում սպառնալով նրան զրկել ծնողական իրավունքներից: Բացի այդ, Խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից որոշում կայացնելիս նախապատվությունը հիմնականում տրվում է տվյալ համայնքում կամ վարչական շրջանում բնակվող ծնողին՝ առանց մանրամասն ուսումնասիրություն իրականացնելու և երեխայի լավագույն շահերը հաշվի առնելու: Խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից ցուցաբերվող նման մոտեցումն անթույլատրելի է:
- ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության հետ կապված Պաշտպանին պարբերաբար հասցեագրվող բողոքները հիմնականում կապված են հարկադիր կատարողի անգործության, կատարողական վարույթի անհիմն կասեցման, փորձաքննություն նշանակելու հիմքով կատարողական վարույթի կասեցմամբ պայմանավորված երկարատև ձգձգումների, ինչպես նաև այնպիսի դեպքերի հետ, երբ երեխան՝ երկարատև շփման բացակայության, ծնողի ազդեցության հետևանքով չի ցանկանում տեսակցել մյուս ծնողին և նման պարագայում հարկադիր կատարողը միջոց չի ձեռնարկում կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելու նպատակով:
Իրականում ծնողներից մեկի կողմից մյուս ծնողի հետ երեխայի հաղորդակցությունը, այդ թվում՝ տեսակցություններն արգելելու կամ դրանց խոչընդոտելու հարցն ունի համակարգային բնույթ։ Անհրաժեշտ է, որպեսզի իրավասու մարմինները մշակեն հստակ ընթացակարգեր՝ խնդրահարույց իրավիճակներում պատշաճ ու անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև առավել հետևողական և արդյունավետ գործունեություն իրականացնելու նպատակով, որոնք կբխեն երեխայի լավագույն շահերից: Անհրաժեշտ է նաև հատուկ ուշադրություն դարձնել տվյալ իրավասու մարմնի աշխատակիցների վերապատրաստումների հարցին:
Բարձրացված հարցը գտնվում է Պաշտպանի ուշադրության ներքո, արձանագրված խնդիրներն արտացոլվելու են Պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդման մեջ։ Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությանն առանձին անդրադարձ է կատարված Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի համանուն արտահերթ զեկույցում։