ԱՊՊԱ կտրոն չունեցող վարորդները կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

 

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերի) սեփականատերերը պարտավոր են ունենալ օրենքով սահմանված կարգով կնքված ԱՊՊԱ պայմանագիր՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքի։

 

2012թ. փետրվարի 22-ին Ոստիկանությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ քաղաքացի Արա Թ.-ի` վերջինիս կողմից 250.000 դրամ վճարելու համար վճարման կարգադրություն արձակելու պահանջով։ Դատարանը 2011թ. դեկտեմբերի 19-ին արձակել է վճարման կարգադրություն և այն սահմանված կարգով ուղարկել պատասխանողին։ 2012թ. փետրվարի 22-ին պատասխանողը հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան` Ոստիկանության կողմից կազմված վարչական ակտը վերացնելու պահանջի մասին։

 

Ոստիկանությունը հայտնում է, որ Արա Թ.-ն թույլ է տվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտում, որի համար նրա նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք` 50.000 դրամի չափով։ Քանի որ պատասխանողն այդ գումարը օրենքով սահմանված ժամկետում չի վճարել հայցվորի համապատասխան հաշվին, ՎԻՎ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան, այն հնգապատկվել է և կազմել 250.000 դրամ։

 

Արա Թ.-ի պնդմամբ՝ 2011թ. հունվարի 12-ին ԱԾ 093427 որոշման համաձայն իր կողմից կատարվել է վարչական իրավախախտում, այն է` առաց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոց վարելը։ Սակայն տեսուչի կողմից իր ավտոմեքենան կանգնեցնելը եղել է անօրինական, որովհետև իր կողմից ճանապարհային երթևեկության կանոն չի խախտվել։

 

Գործում առկա վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության և որոշման վրա առկա են Արա Թ.-ի ստորագրությունները, իսկ արձանագրության վրա Արա Թ.-ը դրանում նշված խախտման փաստի դեմ որևէ առարկություն չի արել։

 

Ոստիկանությունը Արա Թ.-ին վարչական տուգանքի է ենթարկել ավտոմեքենան առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու համար, որի դեմ հակընդդեմ հայցվորը չի առարկել։ Այլ հակընդդեմ հայցադիմումում նշել է, որ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (այսուհետ` ԱՊՊԱ) պայմանագրի կնքման ժամկետը երկարաձգված է եղել։

 

Դատարանը այդ պնդումը հիմնավոր չի համարել՝ հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մաը:

 

Ուստի, 2012թ. օգոստոսի 14-ին Վարչական դատարանը 14.08.2012 ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հայցը` ընդդեմ Արա Թ.- ի` 250 000 դրամ բռնագաձելու պահանջի մասին, բավարարել է, իսկ Արա Թ.-ի հակընդդեմ հայցը` մերժել։

 

Սույն վճիռը պատասխանող Արա Թ.-ը բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարան:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել