Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի կողմից մրցույթի միջոցով ընտրված Ձմեռ պապերը հրապարակում լուսանկարվելու դիմաց գումար պահանջելու դեպքում կձերբակալվեն: Այս մասին Երևանի ավագանու դեկտեմբերի 25-ի նիստի ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:
«Լուսանկարվելու դիմաց գումար պահանջելու դեպք արձանագրվել է, սակայն որևէ մեկն իրավունք չունի նման պահանջ ներկայացնել: Ոստիկանությանն ասել եմ՝ խիստ արձագանք տա նման դեպքում: Ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը գնում և փորձում է այնտեղ կողքից փող աշխատել, չկա տենց բան: Ձյունանուշիկներն ու Ձմեռ պապիկները, որոնք մեզ մոտ կասթինգով անցել են, իրենք ևս փող ուզելու իրավունք չունեն։ Մեկ-մեկ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, աշխատանքը արվում է թեյավճարի սկզբունքով»,-ասել է նա։
Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ նրանցից մեկի հետ երկար զրույցից հետո պարզել է, որ վերջիններս գալիս են, մի երկու ժամ աշխատում, որի արդյունքում աչքի ենք ընկնում, և ծնողները նրանց հաճախ հրավիրում են տուն, պայմանավորվածություն են ձեռք բերում:
«Այսինքն, թեյավճարի սկզբունք կարող է լինել, բայց փող ուզելու իրավունք չունեն, որովհետև իրենց կաստինգն անցնում է քաղաքապետարանում: Դա շատ հետաքրքիր պրոցես է: Իսկ փող ուզելու դեպքում, ես ոստիկանությանն ասել եմ՝ անմիջապես ձերբակալեք, որովհետև դա ապօրինի ձեռնարկատիրություն է»,-ասել է փոխքաղաքապետը: