«Գազպրոմ Արմենիա»-ն կրկին պահանջում է պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Կրկին ողբերգություն անվտանգության կանոնների խախտման հետևանքով

Գորիս քաղաքում տեղի ունեցած դժբախտ պատահարից օրեր անց կրկին ողբերգություն. Ալավերդի քաղաքում շմոլ գազից թունավորման հետևանքով մահացել է մի ամբողջ ընտանիք՝ հայր, մայր, երկու անչափահաս:

Նման դեպքերում, երբ պատկան մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր և անցկացվում է քննություն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զերծ է մնում մեկնաբանություններից՝ գործի քննության շահերից ելնելով:

Ողբերգական այս դեպքը, ցավոք, կենցաղում բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները կրկին չպահպանելու, տարրական պահանջները անտեսելու հետևանք է, ինչը փաստում են մասնագետների կողմից իրականացված տեղազննության նախնական արդյունքները:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն անհրաժեշտ է համարում ներկայացնել դեպքի առաջացման հետ կապված մանրամասները:

– Բնակարանում տեղադրված անվտանգության ձայնաազդանշանային սարքը անջատված է եղել էլեկտրասնուցումից:
Բնակարանի ներտնային գազասպառման համակարգը նորմատիվային և անվտանգության պահանջների կոպիտ խախտմամբ ինքնակամ ենթարկվել է ամբողջական փոփոխության:

– Ջեռուցման վառարանի համար նախատեսված մուտքային գծի փականը այս տարվա հուլիսից կնքված է եղել գազօգտագործող սարքավորման բացակայության պատճառով: Սակայն, մուտքային գծի կնիքը հեռացվել է, տեղադրվել և շահագործվել է ջեռուցման վառարան առանց մատակարարին տեղյակ պահելու:

– Հյուրասենյակում տեղակայված ջեռուցման վառարանի թիթեղյա ծխատարը փաստացի դուրս բերված չի բնակարանից և չունի ուղղահայաց հատված: Վառարանի ծխատարը մինչև 20 սանտիմետր խորությամբ մտցվել է պատշգամբի պատի մեջ, իսկ պատի արտաքին հատվածում բացվել է ընդամենը երեք փոքր անցք, ինչը չի ապահովել ծխագազերի բնականոն հեռացումը:

Բացի այդ, խոհանոցում նախագծի խախտմամբ ինքնակամ տեղադրվել է ջրատաքացուցիչ, որը եռաբաշխիչի միջոցով միացվել է գազօջախի մուտքային գծին: Ընդ որում, ջրատաքացուցչի ծխատարը միացվել է խոհանոցի օդափոխության ուղուն, զրկելով տարածքը բնականոն օդափոխությունից:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կրկին զգուշացնում և պահանջում է պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները:

1. Խստիվ արգելվում է էլեկտրական սնուցումից անջատել բնակարաններում տեղադրված գազասպառման անվտանգության ազդանշանային սարքերը, օգտագործել ինքնաշեն կամ անսարք վիճակում գտնվող գազասարքեր:

2. Չկատարել օդատար և ծխատար ուղիների ինքնակամ ձևափոխություններ՝ դրանցում ստեղծելով արհեստական դիմադրություններ, զերծ մնալ գազօգտագործման ընթացքում ցանկացած ինքնագործունեությունից:

ՀԱՐԳԵԼԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐ՝ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՆԵՐՏՆԱՅԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԻՐ ԵՎ ԻՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ ՉՎՏԱՆԳԵԼՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՒՄ Է ԲԱԺԱՆՈՐԴԸ»,- ասվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել