Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել:
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Խաչատրյանը:
Ավելի վաղ Նորայր Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարություն էր տարածել նշելով, որ Հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ կրկին դիմել է դատարան` Փանոսյանին կրկին կալանավորելու համար։
«Փանոսյանին կալանավորել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը, իսկ ազատ էր արձակել վերաքննիչ դատարանի դատավոր Ս.Մարաբյանը` հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։ Լրացված մեղադրանքը ևս դատարկ է և անհիմն, ուստի ակնհայտ է, որ այս անգամ ևս կալանավորման պատճառները այլ են։ Ինչպես հայտնի է, նախագահը ստորագրել է ՍԴ մասին օրենքի խայտառակ լրացումը, ուստի պետք է լրացուցիչ լծակ` Հրայր Թովմասյանին ստիպելու հրաժարական տալու համար։ Այս ամենի քավության նոխազի դերում Նորայր Փանոսյանն է, ում անմեղ լինելը, ճակատագիրը, ընտանիքը որևէ արժեք չունեն Նոր կոչվող Հայաստանի իշխանավորների համար»,- ասվում է փաստաբանի հայտարարության մեջ։