Արայիկ Հարությունյանը կառավարության անդամներին հունվարի 1-ի թատրոնի ներկայացման տոմսեր է նվիրել

ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանը կառավարության անդամներին հունվարի 1-ի թատրոնի ներկայացման տոմսեր է նվիրել:

«Ամանորի տոնական օրերին մշակութային կյանքն այս տարի աննախադեպ ակտիվ է լինելու: Ներմուծում ենք տարին դասական համերգով ամփոփելու ավանդույթ, որն ընդունված է որոշ երկրներում: Դեկտեմբերի 31-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա տոնական համերգով: Նախկինում, որպես կանոն, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը, մշակութային կյանքը մարում էր, այդ օրերին թատրոններում ներկայացում գրեթե չէր լինում: Իսկ այս տարի մշակութային կյանքի տրամաբանությունը փոխված է. տոնական օրերին փոքրերի, մեծահասակների և ընտանիքով այցելելու համար կազմակերպվել է շուրջ 20 ներկայացում»,-հայտարարել է Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ կառավարության այս տարվա վերջին նիստում:

Նա նաև տեղեկացրել է, որ գործադիր իշխանության բոլոր գործընկերներին նվիրել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական  թատրոնում հունվարի 1-ին նախատեսված «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման տոմսեր: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նվիրել է ոչ թե հրավիրատոմսեր, այլ տոմսեր` կոչ անելով հետևել իր օրինակին և որպես Ամանորի նվեր տոմսեր նվիրել ընկերներին, հարազատներին ու մտերիմներին. «Սա իմ ուղերձն է՝ Ամանորի պարտադիր ծախսերի մեջ կարևորել  նաև մշակութային  հաստատությունների տոմսեր գնելը, որովհետև դա հետաքրքիր ընտանեկան ժամանացի հնարավորություն է, նաև օգտակար` մշակութային հաստատության համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ ներկայացնելով տոնական օրերին աշխատող թատրոնների ու թանգարանների ցանկը:

Անդրադառնալով թեմային` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շեշտել է, որ խնդիր է դրված  Ամանորը նշելու նոր մշակույթ ներմուծել և այն դարձնել բարձր տրամադրության հանրային տոն՝ նոր միջավայր ու ավելի մեծ հարթակ տոնը միասին նշելու:

Նախարար Հարությունյանի խոսքով՝ նպատակներից մեկն էլ տոնական օրերին Հայաստան այցելող զբոսաշրջիկներին հագեցած փաթեթ առաջարկելն է:  «Ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում մշակութային հաստատությունների աշխատակիցներն, ովքեր սիրով միացել են Ամանորի մշակութային արշավին: Կարծում եմ, որ սա կդառնա ավանդույթ և առաջիկա տարիներն մենք տոնական նոր իրավիճակ ենք ունենալու»,-նշել է ԿԳՄՍ նախարարը՝ ավելացնելով, որ նպատակ է դրված հետագա տարիներին ակտիվ տոնական մշակութային ալիքը տեղափոխել նաև մարզեր:

Տեղեկացնենք նաև, որ հեռուստաընկերությունները նույնպես պատրաստակամություն են հայտնել իրենց Ամանորի եթերներում ներկայացնել  մշակութային տոնական կյանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել