Գենդերային հավասարության վերաբերյալ օրենքի նախագիծը եթե ընդունցվի, ապա կսահմանի հետևյալը

Վերջերս անընդհատ շրջանառվում է Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքի նախագիծը, որն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից:

Սույն օրենքի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցումը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:

 

Օրենքը սահմանելու է ուղղակի և անուղղակի գենդերային խտրականության արգելում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

 

Գենդերային ուղղակի խտրականության ձևեր են`

 

1) ընտանեկան դրության, հղիության և ընտանեկան պարտականությունների կատարման հիմքով խտրականությունը,

 

2) միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց տարբեր վարձատրությունը, աշխատանքի վարձատրության ցանկացած փոփոխությունը (բարձրացում կամ իջեցում) կամ աշխատանքի պայմանների վատթարացումը սեռի հատկանիշով,

 

3) սեռական ոտնձգությունը,

 

4) երբ անձը սեռի հատկանիշով ենթարկվել, ենթարկվում կամ կարող է ենթարկվել առավել վատ կամ անբարենպաստ վերաբերմունքի միևնույն կամ նմանատիպ իրավիճակում:

 

Գենդերային անուղղակի խտրականության ձևեր են`

 

1) գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով,

 

2) այնպիսի պայմանների հաստատումը, պահանջների ներկայացումը, որոնք առաջացրել են կամ կարող են առաջացնել բացասական հետևանքներ` որոշակի սեռի անձանց վնաս պատճառելու ձևով:

 

Նշված օրենքի նախագծի իմաստով` գենդերային խտրականություն չէ`

 

1) կանանց և տղամարդկանց հարաբերությունների կարգավորման հարցերում տարբերությունների սահմանումը` պայմանավորված հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի և կրծքով կերակրելու հետ,

 

2) օրենքով սահմանված դեպքերում բացառապես տղամարդկանց պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնելը,

 

3) սույն օրենքի հիմքով ժամանակավոր հատուկ միջոցների կիրառումը, որոնք ուղղված են իրավական կարգավորման ենթակա քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակույթի և այլ հարաբերություններում գենդերային հավասարության հաստատմանը,

 

4) կանանց և տղամարդկանց աշխատանքի պահպանման առանձնահատկությունները` կապված նրանց վերարտադրողական առողջության պահպանման հետ,

 

5) մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջների սահմանումը` հիմնված պարտականությունների` միայն որոշակի սեռի անձանց կատարման հնարավորության վրա,

 

6) այն տարբերությունների սահմանումը, որը պայմանավորված է տարբեր սեռերի կենսաբանական առանձնահատկությամբ,

 

7) Կրոնական կանոնական ծեսերը:

 

Արգելվում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական և նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը, ներառյալ` զանգվածային լրատվության միջոցներով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել