300 դոլարով պայմանավորվեցինք, որ ամեն ինչ հարթ է անցնելու. Գարեգին Միսկարյանը՝ Ռազմիկ Աբրահամյանի հետ ունեցած խոսակցության մասին

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանն անդրադարձել է Հանրապետական ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որևդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալությանը, որի մասին նա գրում է.

«Չէի ուզում խոսել Հանրապետական հիվանդանոցում երեխաների առևանգման փաստի մասին։ Ամենամեծ պատճառը երևի այն էր, որ աղջիկս էդ հիվանդանոցում է ծնվել։ Ավելին, ռազմիկ կոչեցյալն է ընդունել ծնունդը։ Ինքնին ենթադրվում է, որ նման բան կարող էր տեղի ունենալ նաև մեզ հետ։ Ու հնարավոր է, որ ինչ որ տեղ իմ խոսակցությունը ռազմիկի հետ կարող էր պատճառ դառնալ, որ նրանք չգնան էդ քայլին։
Կանչեց, թե.

-Պիտի կեսարյան հատումով արվի, իսկ դա գիտեք, վտանգավոր է։ Չենք երաշխավորում, որ ամեն ինչ հարթ կանցնի, պիտի ստորագրեք, որ համաձայն եք։
Ասի.
-Կամ դուք հիմա անձամբ երաշխավորում եք, որ ամեն ինչ հարթ կանցնի, կամ հենց հիմա գնում ենք ուրիշ հիվանդանոց։
Բա.
-Շատ տաքարյուն եք, իհարկե մենք ամեն ինչ կանենք, որ հարթ անցնի։

Մի խոսքով 300 դոլարով պայմանավորվեցինք, որ ամեն ինչ հարթ է անցնելու։ Չնայած, որ ծննդօգնությունը անվճար էր, մուտքի համար էլ դրամարկղում 60000 դրամից մի փոքր ավելի գումար էին մուծել տվել։ Ինչևէ …

Էն, որ համակարգը ամբողջությամբ, իսկ առողջապահության համակարգն էլ ավելի թաթախված է կոռուպցիայի մեջ, ոչ մեկի համար գաղտնիք չի։ Էն, որ էդ ամեն ինչը շատ ավելը մեծ մասշտաբներ է ներառում իր մեջ քան ռազմիկն ու իր բժիշկները, դա էլ կասկածից վեր է։ Տուժողներից մեկն էր ասում, որ քննիչը ասել է` վերևներից չեն թողնում, որ գործին ընթացք տանք։

Հիմա էսքանից հետո ռազմիկին թողնել ազատության մեջ, կարծում եմ ոչ թե սխալ է, այլ խոսում է Նիկոլի վարած քաղաքականության անճարության մասին։ Անկախ դատարանի մասին հեքիաթներով մեզ սնում ենք ու տվայտվում։

Բուլկին փախավ, Միհրանը փախավ, Խաչատուրովը չկա, էսօր դատավորը լքեց Հայաստանը։ Հիմա, որ ռազմիկը վաղը «պատահական մեռնի» կամ չքվի Հայաստանից, պիտի ասենք` համակարգը դիմադրում է։ Պիտի էլի մի լայվ անենք, ասեք` դե անկախ դատարան ենք սարքում, իրավապահները լավը չեն։

Իսկ իրականությունն այլ է, որ համակարգային ոչ մի փոփոխություն չի արվել, չի արվում, ու ոնց հասկանում եմ, չի էլ արվելու։ Եթե պետությունը զավթած Սերժին մեղադրանք է առաջադրվում մեկ միլիոն դոլարի դիզելի գործով, էդ երկրում համակարգային փոփոխություններ չեն լինելու»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել էին նաև «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել