Ինչպե՞ս է հաստատվում երեխայի սերման փաստը

Երեխայի սերումը մորից (մայրությունը) հաստատվում է երեխայի՝ բժշկական կազմակերպությունում տվյալ մորից ծնված լինելու փաստը հավաստող փաստաթղթերի, իսկ եթե երեխան ծնվել է բժշկական կազմակերպությունից դուրս՝ համապատասխան բժշկական փաստաթղթերի, վկաների հայտարարությունների կամ այլ ապացույցների հիման վրա։

 

Միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող անձանցից, ինչպես նաև ամուսնալուծությունից կամ ամուսնությունն անվավեր ճանաչելուց հետո կամ երեխայի մոր ամուսնու մահվան պահից երեք հարյուր օրվա ընթացքում երեխա ծնվելու դեպքում երեխայի հայր է ճանաչվում երեխայի մոր ամուսինը (նախկին ամուսինը), եթե այլ բան չի ապացուցվել։ Երեխայի մոր ամուսնու (նախկին ամուսնու) հայրությունը հավաստվում է նրանց ամուսնության պետական գրանցումով։

 

Երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ երեխայի հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա: Մոր մահվան կամ դատարանի կողմից վերջինիս անգործունակ ճանաչվելու կամ բնակության վայրը որոշելու անհնարինության կամ ծնողական իրավունքներից զրկվելու դեպքում երեխայի հայրությունը որոշվում է երեխայի հոր դիմումի հիման վրա՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի վճռով։

 

Այնպիսի հանգամանքների առկայության դեպքում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ երեխայի ծնվելուց հետո հայրությունը որոշելու մասին համատեղ դիմում ներկայացնելը կարող է դառնալ անհնար կամ դժվարանալ, ապագա երեխայի ծնողները, որոնք ամուսնության մեջ չեն գտնվում, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին նման դիմում կարող են ներկայացնել մոր հղիության ընթացքում։ Այդ դեպքում երեխայի ծնողների մասին գրառումը կատարվում է երեխայի ծնվելուց հետո։

 

Չափահաս անձի նկատմամբ հայրության որոշում թույլատրվում է միայն իր համաձայնությամբ, իսկ եթե նա դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ՝ նրա խնամակալի (հոգաբարձուի) կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ։

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել