Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջարկում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ մշտական բնակության տեղափոխվող անձ կճանաչվի՝ ՀՀ օրենսդրության համաձայն ՀՀ քաղաքացիություն ունեցող, կամ ՀՀ հատուկ, կամ ՀՀ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձը, ստորև նշված պայմանների միաժամանակյա բավարարման դեպքում.
1) մինչև մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթղթի տրամադրման օրը ֆիզիկական անձի կողմից չի իրականացվել միության մաքսային տարածք անձնական օգտագործման ապրանքների ներմուծում՝ նրա մշտական բնակության ժամանման փաստով պայմանավորված մաքսատուրքերի, հարկերի վճարման ազատումով,
2) մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթղթի տրամադրման օրվան նախորդող՝ վերջին երեք տարում մշտապես բնակվել է ՀՀ տարածքից դուրս,
3) հաշվառված չի եղել ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրի (կացարանի) հասցեով,
4)մաքսային մարմիններին է ներկայացնում օտարերկրյա պետությունում օրինական բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ (օտարերկրյա պետության մշտական (երկարաժամկետ) կացության քարտ, օտարերկրյա պետության անձնագիր):
Անձը կհամարվի ՀՀ տարածքից դուրս մշտապես բնակված, եթե դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գտնվել է ՀՀ տարածքից դուրս 184 օր և ավելի:
Պահանջը չի տարածվի ՀՀ տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի վրա, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ստացած, ՀՀ հատուկ կացության կարգավիճակ ստացած, ՀՀ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի վրա եթե.
1) նախկինում երբևէ նրան ՀՀ քաղաքացիություն, ՀՀ տարածքում հատուկ, և մշատական (երկարաժամկետ) կացության կարգավիճակներ չի տրամադրվել, և
2) ՀՀ բնակության վայրի (կացարանի) հասցեով անձը հաշվառվել է ոչ ուշ, քան ՀՀ քաղաքացիության կամ սույն կետում նշված կարգավիճակներից որևէ մեկի տրամադրման օրվանից 180 օրվա ընթացքում:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սփյուռքում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներ ցանկություն են հայտնում տեղափոխվել ՀՀ մշտական բնակության՝ իրենց հետ բերելով իրենց անձնական օգտագործման ապրանքները: Ուստի հրատապ անհրաժեշտություն կա ընթացակարգերը պարզեցնելու և առավել հասանելի դարձնելու: