Ոստիկանությունը շարունակում է անզիջում պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` անհատ ձեռնարկատերի փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են մեծ քանակի ապօրինի փայտանյութ։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Մասնավորապես հայտնաբերվել են տարբեր տեսակի սղոցներ, անկողահատ և կողահատ, տարբեր երկարության ու լայնության ընկուզենու, հաճարենու, սոսիի տախտակներ, վառելափայտ և սղոցման թափոն։ Արտադրամասի դիմաց կայանված «Գազելում» հայտնեբերվել են տարբեր տեսակի ծառերի տարբեր չափերի տախտակներ։ Արտադրամասի սեփականատերը հայտնաբերվածի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հանգամանքները պարզվում են։