Դեկտեմբերի 6-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ երեք հոգի խաբեությամբ ներկայանալով որպես ընտանիքի ծանոթներ` ապօրինի մուտք են գործել Մայակովսկի գյուղի տներից մեկն ու զենքերի սպառնալիքով տանտիրուհուց հափշտակել ոսկյա իրեր, փող և թանկարժեք ժամացույց՝ պատճառելով մոտ 2.000.000 դրամի վնաս:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Ոստիկանության մի քանի ստորաբաժանումների համատեղ միջոցառումների շնորհիվ նույն օրը Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցից ոստիկանություն բերման է ենթարկվել 23-ամյա մի երիտասարդ, իսկ Գյումրի-Վանաձոր ճանապարհից՝ 27 և 21 տարեկան գյումրեցիներ։ Նրանք խոստովանել են կատարածը և ձերբակալվել:
Պարզվել է նաև, որ նշված անձինք վերջերս Երևանում, Աբովյանում և Արմավիրում կատարել են մի շարք ավազակային հարձակումներ։
Նախաքննությունը շարունակվում է։