Ծառահատումների 29 դեպքերով պետությանը հասցված վնասը կազմել է 258.6 միլիոն դրամ

Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատար Էդուարդ Հարությունյանը մարզի տարածքում ապօրինի ծառահատումների մի քանի խնդիրների կապակցությամբ միջնորդագրով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային  կոմիտեի նախագահի պաշտոնակատարին և «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի   պաշտոնակատարին:

Այս մասին տեղեկացնում են դատախազությունից:

Մարզի դատախազությունում իրականացված՝ 2019թ. հուլիսի 1-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեպքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերից 54-ով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 54 քրեական գործ, որոնցից՝ 41-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ենթակա մասնաճյուղերի տարածքներում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերով՝ բուսական աշխարհին պատճառված ընդհանուր 263.6մլն ՀՀ դրամ վնասով:

Հարուցված 41 քրեական գործերից 29-ի դեպքում անտառխախտման մասին արձանագրություններով ապօրինի ծառահատումներ կատարած անձանց ինքնությունը պարզված չէ: Ուշագրավ է, որ նշված 29 դեպքերով պետությանը հասցված վնասը կազմել է 258.6մլն ՀՀ դրամ, կամ ընդհանուր վնասի ավելի քան 98 տոկոսը: Մինչդեռ մնացած 12 դեպքերում, երբ արձանագրությունները կազմվել են ապօրինի ծառահատում կատարած անձանց ինքնության պարզմամբ, վնասի չափը կազմել է ընդամենը 5 մլն ՀՀ դրամ:

Թեև 2019թ. հուլիսից արձանագրվել է ապօրինի ծառահատումների դեպքերի նվազում, սակայն դա առավելապես պայմանավորված է իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումներով և մարզի տարածքում ԲԸՏՄ-ի հետ համատեղ ոստիկանության հսկիչ անցագրային հենակետերի տեղակայմամբ: Սակայն այդ միջոցառումները բավարար արդյունավետ չեն կարող լինել առանց ապօրինի ծառահատումները կանխարգելող առաջնային օղակի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  մասնաճյուղերի՝ անտառպահպանության համար պատասխանատու պաշտոններում (մասնաճյուղի տնօրեն, անտապապահ և անտառապետ) նշանակված անձանց կողմից ապօրինի ծառահատումների և բնափայտի ապօրինի մթերմանը նպաստող գործոնները վերացնելու:

Մասնավորապես, եզակի չեն դեպքերը, երբ այդ պատասխանատու պաշտոններում նշանակվում են անձինք, որոնք ոչ միայն անտառահատումների առնչությամբ տարաբնույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար ենթարկվել են քրեական հետապնդումների, այլ նաև նրանց վերաբերյալ առկա են մեղադրական դատավճիռներ: Օրինակ «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի 2019թ. օգոստոսի 8-ի հրամանով որպես անտառապահ է նշանակվել անձ, ում դեռևս 2018թ. հունվարին մեղադրանք է առաջադրվել «Իջևանի անտառպետության» պահաբաժնի անտառապահի պաշտոնում պաշտոնեական դիրքի չարաշահում թույլ տալու համար և  դատավճռով դատապարտվել 2 տարի ժամկետով պայմանական ազատազրկման:

Կամ՝ այլ քրեական գործով մեկ այլ պահաբաժնի անտառապահի պաշտոնն զբաղեցնող անձին մեղադրանք է առաջադրվել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ ցուցաբերած  անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի համար, որի արդյունքում բնակիչը հնարավորություն է ունեցել տևական ժամանակ այդ պահաբաժնի տարածքում կատարել ապօրինի ծառահատումներ և առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառել պետությանը: Չնայած նշված գործով 2019թ. սեպտեմբերին կայացվել է մեղադրական դատավճիռ, սակայն նա մինչ օրս շարունակում է պաշտոնավարել՝ տեղափոխվելով Խաչարձանի անտառպետության պահաբաժին:

Մեկ այլ դեպքում անտառապահը բնակիչներին անվճար թափուկ վառելափայտ տրամադրելու պատրվակով թույլ է տվել իր հետ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող անձին իր պահաբաժնից ապօրինի պատրաստել և դուրս բերել վառելափայտ, ինչի համար 2018թ. ապրիլի 16-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի: Նշված քրեական գործի քննության ընթացքում նա ազատվել է հիշյալ պաշտոնից, սակայն հետագայում նշանակվել է Այգեհովիտի անտառպետության  պահաբաժնի անտառապահ:

Մարզի դատախազի պաշտոնակատարը միջնորդագրով անհրաժեշտ է համարել քննարկման առարկա դարձնել հիշյալ անտառապահների հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, այդ պաշտոններում կատարվող նշանակումների ժամանակ ընտրություն կատարելիս դրսևորել  բծախնդրություն:

Ապօրինի անտառահատումների դեպքերի ուսումնասիրությունը վկայում է նաև, որ շարունակում են կոռուպցիոն սխեմաներ գործել նաև ոչ արտադրական նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման գործընթացում: Արձանագրվել են դեպքեր, երբ անտառապետերը, անտառապահները, հանցավոր համաձայնության գալով փայտանյութի առք ու վաճառքով զբաղվող անձանց հետ, տարբեր քաղաքացիների անվամբ լրացված անվճար տրամադրվող թափուկ փայտանյութի տոմսով անտառից մթերում և իրացում են իրականացնում՝ նպաստելով փայտանյութի ապօրինի շրջանառությանը:

Մարզի դատախազի պաշտոնակատարը միջնորդագրով բարձրացրել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերի ղեկավարների կողմից նշված գործընթացն անմիջական  և ամենօրյա հսկողության տակ վերցնելու, ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու հարցերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել